National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.3.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.03.2019
Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 13

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է պատգամավոր Արթուր Դավթյանը: Հանձնաժողովականների դիտարկմամբ՝  փաթեթը ենթակա է որոշակի լրամշակման: Առաջարկվել է քննարկումը հետաձգել է մինչեւ երկամսյա ժամկետով:

ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված տվյալներն ու ձեռքբերումները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության արդյունքներին՝ ՀՀ արդարադատության նախարարը կարեւորագույն ձեռքբերում է համարել 2018 թվականի ընթացքում ազատ, թափանցիկ եւ ժողովրդի վստահությունը վայելող ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: Նրա համոզմամբ՝ այդ ընտրությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության հետագա կայուն առաջընթաց գրանցելու կարեւորագույն նախապայման է: Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության բնագավառում 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո արձանագրվել է շոշափելի առաջընթաց, որի մասին են վկայում նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված գնահատականները: Նրա դիտարկմամբ՝ դեռեւս առկա են լուծում պահանջող խնդիրներ ու անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել նոր առաջընթաց գրանցելու եւ առկա ձեռքբերումներն ամրապնդելու համար:

Արտակ Զեյնալյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց առաջ բժշկական հետազոտության տվյալները քաղաքացուն տրամադրելու պահանջին, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմաններին, իրականացվող բժշկական ծառայության որակի բարելավմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ընդգծել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը հիմնված է մարդու իրավունքների վրա: Զարուհի Բաթոյանն անդրադարձել է մասնավորապես սահմանափակ կարողություններ ունեցող անձանց վերաբերող հարցերին: Նա արձանագրել է, որ նկատելի փոփոխություններ է  կատարվել այդ անձանց նկատմամբ  հասարակության վերաբերմունքում եւ խնդիրը սոցիալական աջակցություն տրամադրելն  ու հավասար հնարավորությունների ապահովումն է: Նախարարի տեղեկացմամբ՝ այս առումով Երեւանում եւ մարզերում մեծ աշխատանք է կատարվել:

Ոլորտին վերաբերող զեկույցներն  ընդունվել են ի գիտություն:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նույն օրը հրավիրած նիստում քննարկել է «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի` ֆինանսական ծախսերի եւ պետական եկամուտների ոլորտներում իրականացված ծրագրերի կատարողականը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել հարկային եւ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման, ԱԱՀ-ի եւ այլ հարկային եկամուտների բազայի, հարկային բազայի կառուցվածքային փոփոխությունների` Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վրա ազդեցությունը գնահատելու ուղղությամբ: 2018 թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ իրականացվել է 16,2%-ով պակաս քանակությամբ համալիր ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 32,6 մլրդ լրացուցիչ պարտավորություն: 
  
ՊԵԿ նախագահը կարեւորել է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների համատարած կիրառումը, այն հնարավորություն է ընձեռում առանց լրացուցիչ սարքերի կիրառման վճարումներն ընդունել պլաստիկ քարտերի միջոցով: 
  
Դավիթ Անանյանի հավաստմամբ՝ շուրջ 30 հազար աշխատող դուրս է եկել ստվերից եւ վճարում է բոլոր հարկատեսակները: «Մեր առջեւ դրված խնդիրները կատարել ենք 99,7 տոկոսով»,- ասել է ՊԵԿ նախագահը: 
  
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կառավարությունը, հավատարիմ մնալով հեղափոխության հռչակած նպատակներին, վերացրել է տնտեսական զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատնեշը՝ բիզնես-իշխանություն սերտաճումը եւ մենաշնորհների գերակայությունը: 2018-ին մեկնարկել են պետական ծախսերը կազմելու, բյուջեն ձեւավորելու գործընթացի ավտոմատացված համակարգի մշակումը: Պետական բոլոր մարմինների համար նախատեսվել են պարգեւատրման ֆոնդեր միասնական տոկոսային չափով, որը կկազմի հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը: Նախորդ տարիների պարգեւատրման ֆոնդերի հատկացման տարբերակված մոտեցումների փոխարեն 2019 թվականի ընթացքում այն կլինի միասնական: 
  
Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են իրականացված ծրագրերի կատարողականներին, ոլորտներում առկա խնդիրներին: 
  
Զեկույցն ընդունվել է ի գիտություն: 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց էր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը. հիմնական զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան եւ «Ճանապարհաշինության ոլորտում ԵՄ եւ ԵՄ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընթացքը եւ հեռանկարները» թեմայով զեկույցի քննարկում. զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյան: 
  
Օրակարգային հարցերը քննարկելուց առաջ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, հաշվի առնելով դեռ հունվարին ԵՄ գործընկերներից ստացած դիտարկումներն ու առաջարկությունները, մարտի 20-ին ամփոփել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը: Այժմ այդ ճանապարհային քարտեզը ներառում է արդարադատությանը, տրանսպորտին, էներգետիկ համագործակցությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, սպառողների շահերի պաշտպանությանը, միգրացիային եւ այլ ոլորտներին առնչվող 201 միջոցառում, որը կազմում է: 
  
Դրանք վերաբերում են համաձայնագրի՝ արդեն ուժի մեջ մտած նորմերի կիրարկմանը, որոնք կազմում են համաձայնագրում ներառված նորմերի ընդհանուր թվի 80%-ը: 
  
Անրադառնալով վիզաների ազատականացման երկխոսությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս համատեքստում ԵՄ ներկայացուցիչները հաճախ են մտահոգություն հայտնում ԵՄ երկրներից ապաստան հայցած քաղաքացիների առնչությամբ,  եւ գոհունակությամբ արձանագրել, որ Եվրոստատի տվյալներով՝ 2018 թ.-ին 2017 թ.-ի համեմատ այս թիվն ավելի քան 3 անգամ նվազել է եւ կազմել՝ 2190 ՀՀ քաղաքացի:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանձնաժողավականներին է ներկայացրել ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի՝ ոլորտին վերաբերող ծրագրի կատարման ընթացքն եւ արդյունքները:

ԵՄ-ն Հայաստանի հետ ունի համագործակցության ընդհանրական միջնաժամկետ շրջանակ, որը վերաբերում է 2017-20 թթ., ներառում է չորս հիմնական ուղղություններ. տնտեսական զարգացում եւ շուկայական հնարավորություններ, ինստիտուցիոնալ հզորուցում եւ լավ կառավարում, հաղորդակցություն, էներգետիկա, բնապահպանություն եւ կլիմայի փոփոխություն, շարժունակություն եւ մարդկանց միջեւ շփումների աջակցություն: Բոլոր չորս տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 160 մլն եվրո է: 
  
ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում 2017 թ. տարեկան գործողությունների ծրագրով Հայաստանին տրվող աջակցության ներքո մշակված ծրագրերի նախագծերի համաձայնեցման աշխատանքներն ավարտվել են, ստորագրվել է 3 համաձայնագիր՝ կրթության, արդարադատության եւ տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում՝ 34,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Հաշվետու ժամանակահատվածում 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրով ստորագրվել է համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Առաջիկայում կստորագրվի երկրորդը՝ ուղղված տարածքային զարգացմանը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո: 
  
Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանը գտնվում է տարբեր զարգացման աստիճան ունեցող տնտեսությունների հետ ապրանքների եւ ծառայությունների շուկայում մրցակցելու միջավայրում եւ եթե չլինենք մրցունակ, ապա կկորցնենք մեր տեղը այն ապրանքների եւ ծառայությունների շուկայում, որ գտնվում է մեր շուրջը: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ապահովել բարձր արտադրողականություն եւ այս համատեքստում պետք է հիշել, որ Եվրամիությունը ունի Հայաստանի արտադրողականության ցուցանիշը 10 անգամ գերազանցող արդյունքներ: Ըստ նախարարի`  այս բացը հնարավոր է լրացնել ժամանակի նորարարական տեխնոլոգիական հնարավորությունները տեղայնացնելով: Ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեխնոլոգիական բացի լրացումը շատ արագ է տեղի ունենում, այսինք այսօր շատ ավելի մեծ հնարավորություն ունեն այն երկրները, որոնք բաց են նորարարությունները տեղայնացնելու համար: 
  
Կարեւորվել է նաեւ ներքին շուկայում ազատական եւ հավասար մրցակցային պայմանների ստեղծումը: Սա դրական է ազդում ոչ միայն տեղական արտադրողների, այլ նաեւ ներդրումային միջավայրի վրա: 
  
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի կողմից գործարարությամբ զբաղվելը զեկույցի շրջանակներում հրապարակված համաթվով Հայաստանը 2018 թ. աշնանը 47-րդ տեղից բարձրացել է 41-րդ տեղ եւ, եթե հիմա մենք ունենք ՀՆԱ-ի նկատմամբ 17 տոկոսը չգերազանցող հիմնական միջոցներով ներդրումների ագրեգացված ցուցանիշ, 2023-ին ակնկալում ենք նույն ցուցանիշը հասցնենք 23-25 տոկոսի: 
  
Ճանապարհաշինության ոլորտում ԵՄ եւ ԵՄ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընթացքն ու հեռանկարները ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: 
  
Նա տեղեկացրել է, որ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ը՝ Լանջիկ-Գյումրի հատվածը: Ծրագրի շրջանակում բարձրացվել են շինարարական աշխատանքների որակի նկատմամբ պահանջները եւ վերահսկողությունը, արդյունավետ կառավարման շնորհիվ եռապատկվել են Թալին-Գյումրի հատվածի իրականացման ծավալները: Ավարտվել է Սիսիան-Քաջարան հատվածի նախագիծը, որը կիրականացվի փուլերով: Ճանապարհների որակի հետեւողական բարձրացման նպատակով ավարտվել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի առաջին 38 կմ հատվածի կառուցման աշխատանքները, եւ մեկնարկել է մնացած 51 կմ-ի շինարարությունը: Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինարարության ժամանակ հնարավոր է եղել տնտեսել ստացված վարկային 51 միլիոն եվրոյից 18-ը եւ այն հիմա ուղղվում է վարկային պարտավորությունների կասեցմանը: Սկսվել է կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգման նոր ծրագիր, որը թույլ կտա ապահովել համայքները միջպետական ճանապարհներին եւ մարզկենտրոններին կապելու եւ բարձր որակի ճանապարհներ ունենալու՝ Կառավարության քաղաքականությունը: Վերակառուցման եւ զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է Բագրատաշենի անցակետի կամուրջների շինարարությունը: 
  
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ  Ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում արդար եւ թափանցիկ մրցույթների իրականացման շնորհիվ տնտեսվել են ֆինանսական միջոցներ, որոնց մի մասն ուղղվել է ճանապարհների հիմնանորոգմանը, ինչպես նաեւ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 1,7 մլրդ դրամ: Արդյունքում  հիմնանորոգվել է 126 կմ ճանապարհ՝ նախանշված 87 կմ-ի փոխարեն: 
  
Բանախոսները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են իրականացված ծրագրերի կատարողականներին,  առկա խնդիրներին:

Ոլորտին վերաբերող զեկույցներն  ընդունվել են ի գիտություն: 
   


21.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զաարլանդ երկրամասի խորհրդարանում եւ համալսարանում
Մարտի 18-21-ը պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել Զաարլանդի համալսարանում եւ Զաարլանդ երկրամասի խորհրդարանում: Զաարլանդի համալսարանում հայկական պատվիրակության անդամները ծ...

21.03.2019
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Վահան Արծրունու հետ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մարտի 21-ին հանդիպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու հետ: Կոմպոզիտորը խոսե...

21.03.2019
Քննարկվել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտը  «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների հետ  կազմակերպել էր խորհրդակցություն: Վերջինս անցկացրել...

21.03.2019
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

21.03.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...

21.03.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում
Գերմանիայում  պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության եւ անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: Հանդիպմա...

21.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

21.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 19.03.2019, Ժամը 10:00, 314 սենյակ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 20.03.2019, Ժամը 12:00, 414 սենյակ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 20.03.2019, Ժամը 14:00, 214...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am