National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.03.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.03.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 10

Մարտի 20-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պետրոսյանի՝ նախաձեռնությամբ նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարմանը ձեռնամուխ չլինելու դեպքում: Զեկուցողը նշել է, որ, ըստ էության, աշխատանքի վայր չներկայանալը եւ աշխատանքի վայր ներկայանալու դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից իսպառ հրաժարվելը վարքագծի նույն ծանրության դրսեւորումներ են, եւ օրենքը պետք է նույնանման վերաբերմունք ունենա դրանց նկատմամբ:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել հանձնաժողովի անդամները: Առաջարկվող կարգավորման առնչությամբ եղել են կողմ եւ դեմ արտահայտվողներ, հիմնականում անթույլատրելի է համարվել աշխատողների շահերի ոտնահարումը, կարեւորվել է ոլորտում ճկուն մեխանիզմների կիրառումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արման Ուդումյանը ներկայացրել է կառավարության բացասական դիրքորոշումը՝ նշելով, որ առաջարկված կարգավորումն արդեն առկա է գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքում:

Գեւորգ Պետրոսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ նաեւ քննարկվել է նույն օրենսգրքում առաջարկվող մեկ այլ լրացում, որով ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքի իրացումը կիրառել նաեւ համատեղությամբ աշխատողների հետ աշխատանքային փոխհարաբերություններում, ինչը Վերանայված եվրոպական սոցիալական Խարտիայի ուղղակի պահանջն է:

Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող (կնքված) համատեղությամբ աշխատանքային պայմանագրի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:

Նախագծերը չեն ստացել դրական եզրակացություն՝ ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովն ընդունել է «ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2019-2020 թվականների տարեկան ժամանակացույցը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ նույն օրը հրավիրված նիստում քննության է առել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը նշել է, որ  համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալի քաղաքում: Փաստաթղթում կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք հանդիսանալով հզոր եւ երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի փոփոխությանը:

Ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումները, ինչը կօգնի մինչեւ 2100թ. սպասվող ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը նվազեցնել մինչեւ 0.5 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:

Փուլային կրճատման գործընթացի համար նախատեսված են ֆինանսական մեխանիզմներ: Դոնոր երկրները համաձայնություն են ձեռք բերել ֆինանսավորման հարցում:

Հարակից խոսքում կարեւորելով արձանագրության վավերացումը՝ պատգամավոր Մերի Գալստյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել փոփոխությանը: Հանձնաժողովն  օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում  ընդգրկվելու համար:

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի գյուղատնտեսության բնագավառում արձանագրված տվյալներն ու ձեռքբերումները ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը:

Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, տրամադրվել են մինչեւ 1 մլրդ դրամ մեկ տարի ժամկետով` տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով վարկեր:

Ծրագրի շրջանակներում գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել են 7553 հատ բերքի գնման պայմանագրեր: Մթերվել է շուրջ 188,7 հազար տոննա պտուղ-բանջարեղեն եւ խաղող՝ նախորդ տարվա շուրջ 180,7 հազար տոննայի դիմաց:

Արտահանվել է շուրջ 163,7 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, խաղող եւ կարտոֆիլ, ինչը 35,5%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդհանուր ագրոպարենային արտադրանքի արտահանումը 2018 թվականին աճել է մոտ 8 տոկոսով: 2018 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի եւ խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է մթերման ընդհանուր արժեքի ընդամենը 0,7տոկոսը, այն դեպքում, երբ 2017 թվականին այն կազմում էր 5,9 տոկոս, իսկ 2016թվականին՝ 9,2 տոկոս:

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար, որպես պետական աջակցություն, անհատույց տրամադրվել է յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 հազար դրամ:

2018 թ. համար տրամադրվել է 315,5 մլն դրամի վարկ (պետության սուբսիդիան կազմել է 5,885 մլն դրամ)՝ 146 հա կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար:

Գյուղատնտեսության փոխնախարարը նշել է, որ նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ:

Պատգամավորին ուղղված հարցերն առնչվել են տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը, մթերմանը, ոռոգման ջրի մատակարարմանը, արոտների ջրարբիացմանը, անասնապահությանն ու այլ ոլորտների խնդիրներին: 
  
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է տարածքային կառավարման բնագավառում նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններին: Կառավարությունը հստակեցնում է մարզպետարանների աշխատակազմերի գուրծունեությունը՝ Առաջիկայում կկրճատվի փոխմարզպետների թիվը, կփոքրացվեն մարզպետարանների աշխատակազմերը: Ընտրական օրենսգրքում ՏԻՄ ոլորտին առնչվող փոփոխությամբ չորս հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում կներդրվի համամասնական ընտրական համակարգ: Համայնքապետին կընտրի ավագանին, ինչը հնարավորություն կտա սահմանել նրան հետ կանչելու մեխանիզմ, ինչն այժմ բացակայում է: Նախարարը նաեւ նշել է, որ այս տարի նույնպես կշարունակվի համայնքների խոշորացումը:

Տարածքային համաչափ զարգացման եւ սոցիալական վիճակի բարելավման նպատակով Կառավարությունը 2018 թվականի ընթացքում հավանության է արժանացրել 180 սուբվենցիայի հայտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 6,832 մլրդ դրամ: Նշված ծրագրերն ուղղված են ասֆալտապատմանը, մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, երաժշտական դպրոցների կառուցմանն ու վերանորոգմանը, խմելու եւ ոռոգման ջրագծերի անցկացմանը, փողոցային էներգախնայող լուսավորության անցկացմանը, զբոսայգիների, խաղահրապարակների, հրապարակների, այգիների ստեղծմանն ու բարեկարգմանը: 
  
ՀՀ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով  բնապահպանության բնագավառում իրականացված ծրագրերին, նշել է, որ շրջակա միջավայրի քաղաքականության իրականացման կառավարության հիմնական սկզբունքներն են եղել շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների համալիր պահպանությունը, բարելավումը, վերականգնումը եւ ողջամիտ օգտագործումը: Ավելի քան 6000 քաղաքացիների եւ տնտեսավարողների համար էականորեն բարելավվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների եւ եզրակացությունների տրամադրման ժամկետները եւ ընթացակարգերը:

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված 44 լքված/տիրազուրկ տարածքների եւ 5 փակված պոչամբարների տեղեկատվական բազա: Արարատ համայնքի աղբավայրում ստեղծվել են կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ: 2018 թ. ընթացքում տեղադրվել եւ կնքվել են առցանց ջրաչափեր 53 փոքր հէկ-երում: Վերանայվել են բնության հատուկ պահպանվող տարածքներում հողերի վարձակալության սկզբունքները, ուսումնասիրություններ են կատարվել գործող վարձակալական տարածքների վերաբերյալ: Նախնական տվյալներով Սեւան ազգային պարկի վարձակալներից 25-ը օգտագործել է 20,8 հա ավելի տարածք, 165 վարձակալներ կա՛մ չեն գրանցել իրենց պայմանագրերը, կա՛մ ունեն պետական գրանցման հետ կապված թերացումներ՝ 231,8 հա տարածքի համար, իսկ 205 տնտեսավարողներ վարձակալական պայմանագրեր ընդհանրապես չունեն 254,2 հա տարածքի համար: Նախարարը նշել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար: 
  
Տնտեսության բնագավառում ծրագրերի կատարողականը ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

2018 թ. համախառն ներքին արդյունքը գրանցել է 5,2 տոկոս աճ: Ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 866 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, դրա ավելի քան 33տոկոսը (288 մլն դոլար) ձեւավորվել է կապիտալ ապրանքների ներմուծման աճի հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ապրանքային մի շարք կարեւոր շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսավարողների թիվը: Դրա շնորհիվ նվազել են «մենաշնորհային»  համարվող ապրանքային շուկաների կենտրոնացվածության աստիճանները:

2018 թ. տարեվերջին շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսավարող, բանանի շուկայինը՝ 28, բենզինինը՝ 6, ցորենինը՝ 84, ալյուրինը՝ 171: 2018 թ. հուլիսի 1-ի դրությամբ 5 տոնավաճառներում մինչեւ 20%-ով նվազեցվել են տաղավարների վարձակալության արժեքները. դրա մասին տնտեսավարողներ եւ համապատասխան հայտարարություններ են տարածվել: Անցկացվել են աշխատանքային 11 հանդիպումներ տարբեր ոլորտներում՝ կաթնամթերքի, մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության, հանրային սննդի եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտների շահագործման գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ, որոնց ընթացքում կարեւորվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը, գործարքների ամբողջական փաստաթղթավորումը, ՀԴՄ շահագործման կանոնների պահպանումը: Փոքր բիզնեսի համար վերանայվել է ՀԴՄ-ի իրացման գինը` 160,000 դրամի փոխարեն սահմանվել է 60,000 դրամ: Սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին դրանք տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով: Հաշվետու ժամանակահատվածում հավանության է արժանացել 16 ծրագիր ԱԱՀ-ի հետաձգման եւ 34 ծրագիր մաքսատուրքի ազատման մասով: Ներդրումային համաժողովներ են եղել Լոռու եւ Տավուշի մարզերում, որոնց նպատակը մարզերում ներդրումները խթանելն է: Նմանատիպ համաժողովներ անցկացվելու են նաեւ ապագայում:

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ նախարարը նշել է, որ միայն 2018 թ. չորրորդ եռամսյակում Հայաստան այցելությունների թիվը կազմել է 376 573, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 16,8%-ով: Տուրիստական գրավչությունը եւ տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվել են մարզային մի շարք փառատոններ:

Օրվա բանախոսներին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նույն օրը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած նիստում  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրինագծերի, որոնք կառաջարկվեն ընդգրկվելու ԱԺ  հերթական նիստերի  օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների  նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է  «Գովազդի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր պարբերությամբ եւ արգելել  կրթական, գիտական  եւ գիտահետազոտական  ծրագրերի շրջանակներում  սովորող աշակերտների, ուսանողների, ունկնդիրների, հետազոտողների  կողմից ինքնուրույն կատարման  ենթակա առաջադրանքները, հետազոտություններն ու այլ գործնական աշխատանքները կատարելու, մշակելու, պատրաստելու  վերաբերյալ գովազդը: Նախագծով այդպիսիք են համարվում ռեֆերատը, կուրսային եւ դիպլոմային աշխատանքները, ատենախոսությունը եւ այլն:

Նախագծի վերաբերյալ Կառավարության տեսակետն ընդհանուր առմամբ դրական էր, սակայն, ինչպես նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անհրաժեշտ է խնդրին տալ համալիր, այլ ոչ թե դրվագային լուծում, ինչպես առաջարկվում է:

Նախագծի հեղինակ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդրի հիմնական կարգավորողը պետք է լինեն բուհերը՝ կիրառելով հակապլագիատ գործիքներ եւ արմատախիլ անելով այս  արատավոր երեւույթը, որը խիստ բացասական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված  նախագիծը,  որով առաջարկվում է ամրագրել,  որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների՝ հավասարաչափ բաժանելով ուսման վարձը տվյալ ուսումնական տարվա ամիսներին:

Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է, որ նախագծի առնչությամբ նամակ է ստացել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից,  որում    խնդրահարույց է համարվում առաջարկվող փոփոխությունը՝ կապված արտասահմանցի ուսանողների կողմից վճարվող վարձավճարների հետ: Ըստ նամակի հեղինակների՝ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այդ ուսանողները նույնպես սկսեն տարադրամով վճարումները կատարել մաս-մաս:  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը: Նրա գնահատմամբ՝ չպետք է խտրական մոտեցում լինի որեւէ սովորողի նկատմամբ:

Պատգամավորները քննարկել են նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մալթայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:  Համաձայնագիրը  նպատակ ունի զարգացնելու եւ ամրապնդելու երկու երկրների միջեւ մշակութային կապերը, նպաստելու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  Այն ստորագրվել է Վիեննայում 2017 թվականի  դեկտեմբերի 7-ին:

Նախագիծը կարեւորել է հարակից զեկուցող Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ նմանօրինակ համաձայնագրերի ընդունումը դրական է հատկապես երկրների միջեւ կապերի սերտացման տեսանկյունից:

Նիստի օրակարգային հարցերից էր «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին»  զեկույցի քննարկումը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը,  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ներկայացրել են նախարարությունների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներն ու ծրագրերը, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին, որոնց հիմնական նպատակը կատարված ծախսերի արդյունավետության  պարզումն էր:  Պատգամավորները, բացի կատարված աշխատանքներից, հետաքրքրվել են նաեւ շարունակվող ծրագրերով, փորձել պարզել դրանց նպատակայնությունն  ու կարեւորությունը:  Եղել են նաեւ առաջարկներ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am