Տպել
20.03.2019
Հանդիպում մշակույթի գործիչների հետ
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը  մարտի 20-ին հանդիպել է մշակույթի մի խումբ գործիչների հետ:

Քննարկվել են մշակույթին վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: Քանդակագործներ Սարգիս Բաբայանը, Աշոտ Գեւորգյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Նաիրա Մովսեսյանը, բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը, բանաստեղծ Էդուարդ Հարենցը ներկայացրել են ստեղծագործական ոլորտում առկա խնդիրները:

Արվեստագետներն առանձնացրել են մշակույթում արտաքին քաղաքականության հիմնախնդիրը՝ ընդգծելով, որ հարուստ մշակույթ ունեցող ազգային պետության համար այն պետք է առաջնահերթ լինի:

Ներկաները մտքեր են փոխանակել պետություն-մշակույթ փոխհարաբերություններին, մշակութային պետական քաղաքականությանը, գրահրատարակչությանը, թարգմանչական գործին, առողջ մրցակցությանը,  հասարակության գեղագիտական դաստիարակությանը,  կրթական ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:

Հարություն Բաբայանը, ամփոփելով քննարկումը, նշել է, որ նման  հանդիպումները կլինեն շարունակական: