Տպել
20.03.2019
Աշխատանքային քննարկում տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների գործունեության վերաբերյալ:

Քննարկմանը ներկա տնտեսվարողներն իրենց բողոքն են արտահայտել  «ՀՀ Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, նշելով, որ ըստ դրա՝  գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն սահմանվում է 6 միլիոն դրամ,  փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ պետական տուրք:

Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում են շուրջ 200 տարադրամի  փոխանակման կետեր, որոնց մեծ մասի գործունեությունը ծավալվում է Երեւանում: Գործող տարադրամի  փոխանակման կետերում, միջինացված աշխատում են 2-3 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 100 000 դրամ է:

Արամայիս Խաչատրյանն ընդգծել է, որ  նախատեսված փոփոխությունների արդյունքում տարադրամի  փոխանակման կետերը կդադարեն գործել: Արժութային դիլերների միության նախագահը շեշտել է, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում- քննարկում չի եղել եւ հարցի վերաբերյալ չկա պատշաճ հիմավորում:

Գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գեւորգյանը տեղեկացրել է, որ  Հայաստանում գործում է մոտ 140 գրավատուն, որտեղ աշխատում են 4-5 աշխատակից՝ 15O OOO դրամ միջին աշխատավարձով:

 Տնտեսվարողներն ընդգծել են, որ նախագծում առկա է նաեւ անարդարության սկզբունքը՝ ըստ որի բոլոր ընկերությունների համար պետական տուրքը լինելու է հավասարաչափ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշել է, որ  նախագծում կան խնդրահարույց կետեր, սակայն ակնհայտ է, որ պետք է պետական տուրքը բարձրացվի: Պատգամավորի խոսքով՝ ոլորտում վերջին փոփոխությունը եղել է 1997 թ.-ին:

Պետական տուրքի բարձրացմանը կողմ են նաեւ տնտեսվարողները, սակայն ոչ ներկայացված չափերով:

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հարցն ավելի խորքային ուսումնասիրել եւ հաջորդ քննարկմանը հրավիրել նաեւ Կառավարության ու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների:

Աշխատանքային քննարկումը նախագահող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն ընդգծել է, որ քննարկմանը լսել են միայն մեկ կողմին՝ տարադրամի փոխանակման կետերի, դիլերների, գրավատների ներկայացուցիչներին, իսկ խնդրի հետ կապված վերջնական որոշում կլինի, երբ կծանոթանան նաեւ ԿԲ-ի ու Կառավարության տեսակետների հետ: