Տպել
20.03.2019
Հանրապետության մարզերի կրթական հաստատությունների ներկայացուցիչները` խորհրդարանում
1 / 4

Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 20-ին խորհրդարան են այցելել հանրապետության տասնմեկ մարզերի տարբեր կրթական հաստատությունների հարյուր քսան աշակերտ եւ ուսուցիչներ:

Հյուրերը շրջել են  ԱԺ-ում, այցելել խորհրդարանի պատմության  թանգարան, ծանոթացել օրենսդիր մարմնի անցուդարձին: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը եւ պատգամավոր Արման Բոշյանը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Լենա Նազարյանը կարեւորել է երիտասարդների հետ նման հանդիպումները, նշելով,  որ դրանք ստեղծում են  անմիջական շփման հարթակ՝ հնարավորություն  տալով առավել  մոտիկից ծանոթանալու օրենսդրական գործընթացներին: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ խորհրդարանը քաղաքական թիվ մեկ կառույցն է, որտեղ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորները պատրաստակամ են լսելու բոլոր խնդիրները եւ հնարավորության շրջանակում տալու դրանց օրենսդրական կարգավորումներ: Լենա Նազարյանը հավելել է. «ԱԺ-ն նաեւ վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ,  հաստատում կամ մերժում է նրա ներկայացրած ծրագրերը, հարցեր տալիս կառավարության անդամներին: Հայաստանի համապետական գրեթե բոլոր մարմինները այս կամ այն չափով ձեւավորվում են հենց այստեղ, այս դահլիճում տեղի ունեցող քվեարկությունների միջոցով»: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երեխաները եւ երիտասարդները երկրի ապագան են՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրն իրենց  համայնքի խնդիրների ականատեսն է, այդ խնդիրների լուծման մասնակիցը եւ պահանջատերը:

Պատգամավոր Արման Բոշյանն էլ իր հերթին  ներկայացրել է խորհրդարանի կազմը, կառուցվածքը, օրենսդրական գործընթացները, Աժ մշտական հանձնաժողովների գործունեությունը: Խորհրդարանականը փաստել է. «Այս շփման միջոցով փորձում ենք մեր ուղերձը հղել ապագային՝ ասելով՝ մենք այստեղ ենք համագործակցելու եւ կերտելու մեր ապագան: Դուք կարող եք հենվել մեզ վրա, դուք կարող եք եւ պարտավոր եք նոր թիրախներ սահմանել»:

Հանդիպումն ամբողջացել է խորհրդարանականների հետ  խորհրդանշական լուսանկարով: