Տպել
19.03.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով մարտի 18-21-ը գտնվում է Գերմանիայում, մարտի 19-ին հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Բունդեսթագի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ Գերմանիայում մեծ ոգեւորությամբ են հետեւել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ծավալված Թավշյա հեղափոխությանը՝ ընգծելով, որ նմանօրինակ հեղափոխություն աշխարհում գոյություն չի ունեցել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ԱԺ նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է Եվրոպա: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության շարժառիթները, դրանց հաջորդած ժամանակաշրջանն ու դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք արժանացել են միջազգային դիտորդների ամենաբարձր գնահատականին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը, արժեւորելով Գերմանիայի խորհրդարանական ավանդույթները, նշել է, որ Բունդեսթագի փորձը շատ օգտակար կարող է լինել Հայաստանի Ազգային ժողովի համար:

Այս կապակցությամբ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել հաճախակի դարձնել թե՛ պատգամավորների, թե՛ խորհրդարանների աշխատակազմերի փոխայցելությունները:

Զրույցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են հայ-գերմանական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ Գերմանիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում, վիզաների ազատականացում, եվրոպական երկրների աջակցություն Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում:

Անդրադառնալով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ գոյություն ունեցող մշակութային եւ կրթական կապերին՝ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերներին առաջարկել է դիտարկել մեր երկրում Հայ-գերմանական համալսարան հիմնելու հարցը, ինչն էլ ավելի կխորացնի երկու երկրների քաղաքացիների միջեւ հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը եւ Վոլֆգանգ Շոյբլեն պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումն արդեն երեկոյան՝ ԱԺ նախագահի պատվին Բունդեսթագի ղեկավարի անունից տրվող պաշտոնական ընթրիքի ընթացքում: 
 


29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, 214 սրահում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի...