Տպել
19.03.2019
Խորհրդարան է այցելել Համաշխարհային Բանկի գնումների հարցերով պատվիրակությունը
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի նախաձեռնությամբ մարտի 19-ին տեղի է ունեցել Գնման ընթացակարգերի կիրառման հնարավորություններին եւ ՀԲ վարկային ծրագրերի տեսանկյունից դրանց ներդաշնակեցման հեռանկարներին վերաբերող աշխատանքային քննարկում:

Կարեւորելով պատվիրակության` մեր երկրի գնման գործընթացների վերաբերյալ իրականացվող ուսումնասիրությունները` Արտակ Մանուկյանը նշել է, որ համատեղ գործակցությունը կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը, պետական գնումների համակարգն առավել թափանցիկ դարձնելուն եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը:

Պատգամավորի հավաստմամբ՝ պետական գնումների համակարգը տնտեսությանը զուգընթաց  զարգացող ոլորտ է եւ անհրաժեշտություն կա այն  համալրելու  օրենսդրական բարեփոխումներով:

Ոլորտի գործընթացներն առավել թափանցիկ ու արդյունավետ դարձնելու համար հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է էլեկտրոնային գնումների համակարգի ամբողջական ներդնումը:

ՀԲ-ի պատվիրակության ղեկավար Վինեյ Շարման կարեւոր է համարել բնագավառում նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչն, ըստ նրա, հնարավորություն կտա պետական գնումների համակարգը դարձնել առավել արդյունավետ ու գործուն:

Բանախոսներին ուղղված հարցերն առնչվել են զարգացած երկրների պետական գնումների գործընթացին, ՏՏ ոլորտին, տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը, բնական մենաշնորհների վերահսկողությանն ու այլ խնդիրների:

Արտակ Մանուկյանը նշել է, որ համագործակցությունը ՀԲ-ի հետ լինելու է շարունակական: Հունիսին ՀԲ պատվիրակությունը կներկայացնի Հայաստանում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: