Տպել
19.03.2019
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ եւ վրացի ժողովուրդների հարաբերությունները, կարեւորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ օրերս Հայաստան կատարած պաշտոնական այցը:

Զրուցակիցներն անդրադարձել են  երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի, անհրաժեշտ համարել  միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, առանձնակի նշանակություն վերապահել միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությանը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է անվտանգության ապահովմանն  ուղղված Վրաստանի  դերակատարությունը՝ ընդգծելով, որ ցանկացած անկայունություն կործանարար կարող է լինել բոլոր կողմերի համար:

Դեսպան Գիորգի Սագանելիձեն եւս ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունները  խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ անկախ դրանց տարբերություններից:

Կողմերն անհրաժեշտ են համարել  զարգացնել եւ ամրապնդել երկու երկրների կապերն ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ այլ ոլորտներում: Առանձնապես կարեւորվել է  էներգետիկ բնագավառում  փոխգործակցության ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն տեղեկացրել է, որ ամռան ամիսներին պաշտոնական այցով Հայաստան է նախատեսում այցելել Վրաստանի խորհրդարանի նախագահը: