Տպել
19.03.2019
Կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը
1 / 4

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արեւելյան հարեւանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը Եվրամիության գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:

Լոուրենս Մերեդիթն իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակում պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել խորհրդարանին եւ հանձնաժողովին՝  մասնավորապես ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության «Թուինինգ» եւ «Թաիեքս» գործիքների միջոցով  համաձայնագրի  կիրարկումը հնարավորինս  արագ իրականացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաեւ Արեւելաեվրոպական եւ  Արեւմտաբալկանյան երկրների եվրաինտեգրման փորձին ու դրա՝ Հայաստանի համար ուսանելի եւ կիրառելի կողմերին :

Մտքեր են  փոխանակվել   միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, կարեւորվել է խորհրդարանական կապերի խորացումն  ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման համատեքստում Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանի անհետաձգելի առաջնահերթություններին՝ կարեւորելով Եվրամիության աջակցությունը՝ մասնավորապես  ենթակառուցվածքների, ճանապարհաշինության,  ջրամբարաշինության  եւ  Էներգետիկայի ոլորտների զարգացմանը: Անդրադարձ է կատարվել վերջերս Եվրամիության կողմից մշակված եւ արեւելյան գործընկերության բոլոր 6 երկրները ներառող ենթակառուցվածքների զարգացման ծրագրին. քննարկվել են ծրագրի հայաստանյան մասի իրականացման հեռանկարներն ու մանրամասները: