Տպել
19.03.2019
Քննարկվել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
1 / 5

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է գործադրի հավանությանն արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արդարադատության ոլորտին վերաբերող մասը:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ հաշվետու՝  2018 թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կառավարության կողմից մարդասիրական նկատառումներով նախաձեռնվել եւ իրականացվել է իր ընդգրկումով աննախադեպ համաներում: Ըստ այդմ՝ վարչական համաներում է ստացել 108,916 անձ,  կարճված կատարողական վարույթների թիվը 1, 259,177 է, 627 անձ էլ ստացել է քրեական համաներում: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ: 
 
Նախարարը նշել է, որ Երեւանի չորս բժշկական կենտրոնում,  Վանաձորի, Գյումրի եւ Գորիսի ԲԿ-ներում կալանավորների համար ունենալու են հատուկ բաժանմունքներ: Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ 2018թ.-ի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության նվազեցման ուղղությամբ իրականացրել է ծավալուն բարեփոխումներ, որի արդյունքում ներկայում նման խնդիր որեւէ քրեակատարողական հիմնարկում առկա չէ: Բոլոր դատապարտյալներն ու կալանավորված անձինք ապահովված են անհատական քնելատեղերով: Բարելավվել են կալանքի ենթարկված անձանց պահման պայմանները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել 12՝ «Նուբարաշեն», «Սեւան», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Գորիս», «Աբովյան», «Արթիկ», «Հրազդան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում:

Պատգամավորների հարցադրումները վերաբերել են, մասնավորապես, հաշտարարի ինստիտուտին, դրա ազդեցությանը դատարանների բեռնաթափման վրա, անցումային արդարադատությանը:

Նախարարի խոսքով՝ անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Անդրադառնալով հաշտարարի ինստիտուտից ակնկալվող եւ ստացված արդյունքներին՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ դրանք չեն գոհացնում: «Այդ ինստիտուտի ազդեցությունը դատարանների բեռնաթափման վրա, կարծում եմ, չնչին է եւ վստահություն առանձնապես չկա»,- ասել է  նա՝ հավելելով, որ  քայլեր են ձեռնարկում՝ հաշտարարի ինստիտուտն ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է  ի գիտություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով հիմնական զեկուցողի բացակայության պատճառով: