Տպել
15.03.2019
Աժ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովում տեղի է ունեցել փակ ձեւաչափով քննարկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ
1 / 4

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում մարտի 15-ին տեղի է ունեցել փակ ձեւաչափով քննարկում՝ հանձնաժողովի անդամների եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է ՀՀ արտաքին քաղաքականության շահերի խթանման նպատակով խորհրդարանական գործիքակազմի կիրառումը՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխգործակցությամբ:

Ընդգծվել է նաեւ համատեղ քննարկումների համար նմանատիպ ձեւաչափի շարունակականությունը:

Այս համատեքստում ԱԳ նախարարը մեծապես կարեւորել է խորհրդարանական հանդիպումների դերը՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հավաքական շահերով առաջնորդվող արտաքին քաղաքականության առաջմղման գործում: