Տպել
13.03.2019
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 8

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ մարտի 13-ին խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու նախագիծ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է սահմանել, որ աջակողմյան ղեկավարում ունեցող այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, կարող են Հայաստան ներմուծվել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը:

Նախարարը նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա ներմուծելու շուրջ 1000 ավտոմեքենա:

Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկվել է մեկ ամսով երկարացնել ներմուծման ժամկետը, ինչն ընդունելի չի եղել հեղինակի համար: Մեկ այլ հարցի առնչությամբ էլ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ քաղաքացիները կարող են որպես պահեստամաս ներմուծել տրանսպորտային միջոցներ, քանի որ դրա համար առկա են համապատասխան կարգավորումներ:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ով եւս ընդունելի չի համարել ժամկետը երկարացնելու վերաբերյալ հնչած առաջարկը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի ներկայացմամբ խորհրդարանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է օրենքի ուժի մեջ մտնելու սահմանված ժամանակը փոխել եւ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն ամրագրել 2020թ-ի հունվարի 1-ը: Ըստ զեկուցողի` դա հնարավորություն կտա ժամանակավորապես լուծել օրենսդրական փակուղային վիճակը, որն առաջացել է Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձնաժողովի չձեւավորման հետեւանքով:

Առաջարկվող այլ փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչեւ 2019 թվականի մայիսի 31-ը:

Բացի այդ` հայտարարատու պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի վերաբերյալ տվյալներ պետք է ներկայացնեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում` 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը:

Խորհրդարանը նախագծերն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Ազգային ժողովի ընդունած որոշման համաձայն` նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա մարտի 14-ին` ժամը 11:00-ին: