Տպել
12.03.2019
Հայ եւ չեխ խորհրդարանականները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 12-ին հանդիպել են ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստան այցելած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Պատրիկ Կունչարի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է հյուրերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ՀՀ ԱԺ-ում տեղի ունենալիք աշխատաժողովին՝ տեղեկացնելով, որ քննարկվելու են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը լիահույս է, որ քննարկումները լինելու են արդյունավետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը, արժեւորվել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների փոխգործակցության ամրապնդման գործում:

Հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծման հայկական կողմի դիրքորոշումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Ադրբեջանն առանց նախապես հայտարարելու զորավարժություններ է անցկացնում, եւ նման գործողությունները չեն նպաստում խաղաղությանը: «Մենք մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք պատշաճ գնահատական»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Հյուրերը կարեւորել են հակամարտության խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: