Տպել
12.03.2019
Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Նա նշել է, որ առաջիկայում կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որում կներգրավվեն ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից:

Տարածաշրջանային հիմնահարցերի բարձրաձայնման ու արդյունավետ լուծման տեսանկյունից Վահե Էնֆիաջյանը կարեւորել է յոթերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծված Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ընդգծել է համագործակցությունը միջազգային կառույցներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ում եւ ԵԱՏՄ-ում:

Դեսպանը եւս կարեւորելով միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ փոխայցերի ակտիվացումը՝ ընդգծել է մի շարք ոլորտներում փոխգործակցությունն աշխուժացնելու անհրաժեշտությունը եւ փաստել, որ այս հարցում կա չօգտագործված զգալի ներուժ: Թիմուր Ուրազաեւը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին երկու տարիներին աճել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, ինչը ԵԱՏՄ-ի ունեցած դրական ազդեցության արդյունք է նաեւ:

Կողմերն անդրադարձել են հայ եւ ղազախ գործարարների միջեւ հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությանը, տնտեսական կապերի ակտիվացմանը, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման հնարավորություններին:

Դեսպանը մանրամասներ է ներկայացրել Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության քննության ընթացքի վերաբերյալ: