Տպել
12.03.2019
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ
1 / 1

«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե,

իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձեւավորման մեկդարյա տարեդարձի առթիվ:

Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը եւ սկիզբ դրեցին պետականաշինության նոր տարեգրության:

Չունենալով խորհրդարանական ավանդույթներ` ժամանակի գործիչներին հաջողվեց կազմակերպել ու անցկացնել համապետական ժողովրդավարական եւ բազմակուսակցական ընտրություններ, սկիզբ դնել օրենսդրական բեղուն գործունեության: Հատկանշական է, որ թե Հայաստանի, թե Վրաստանի` անցյալ դարասկզբին ձեւավորված խորհրդարանների կառուցվածքն ու ընդունած առաջին իսկ օրենքներն իրենց ժողովրդավարական բնույթով առաջանցիկ էին ժամանակի շատ երկրների օրենսդիր մարմինների գործունեությունից:

Մեծ է եղել խորհրդարանի դերակատարությունը երկրում ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ պետական համակարգի կայացման, միջխորհրդարանական կապերի հաստատման ու զարգացման, միջազգային հարթակներում համագործակցության ծավալման առումով: Ձեւավորված ավանդույթները ժամանակի ընթացքում իրենց շարունակականությունն են ունեցել եւ հաջողությամբ կենսագործվում են նաեւ ներկայում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վրաստանում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ, մաղթում արդյունավետ եւ արգասաբեր գործունեություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում: