National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.3.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
08.03.2019
Լենա Նազարյանի խոսքը «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը
1 / 1

Սիրելի՛ կանայք,

Շվեդիայի խորհրդարանի հարգարժան փոխնախագահ Լոտտա Յոնսոն Ֆորնարվե,

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հարգարժան դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթ,

հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,

ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է ողջունել ձեզ Ազգային ժողովում այսօր՝ մարտի 8-ին:

Շատ այլ քաղաքական գաղափարների հետ միասին մարտի 8-ի գաղափարն էլ մեր երկրում խեղվել եւ իմաստազրկվել էր վերջին տասնամյակներին: Մարտի 8-ը երկար տարիներ անվանվել է կանանց տոն եւ կապվել զուտ ծաղիկ նվիրելու ու կանանց կենացը խմելու օրվա հետ: Այս ընթացքում մոռացության է տրվել օրվա իսկական խորհուրդը: Այսօր ուրախ եմ, որ վերարժեւորում ենք մարտի 8-ը եւ նշում ոչ թե պարզապես կանանց տոն, այլ կանանց իրավունքների եւ պայքարի (քաղաքական) օր:

Այս օրը կապված է դեռեւս շուրջ 110 տարի առաջ սկսված կանանց միջազգային շարժման հետ, որն իր առջեւ դնում էր կին աշխատավորների իրավունքների, կանանց ընտրելու եւ ընտրվելու իրավունքի հաստատման խնդիրը: Դրան, իհարկե, նախորդել էին դարեր տեւած, շատ ավելի երկար տարիների պայքար:

Հայաստանում եւ հայերի շրջանում «կանանց խնդրի» եւ «կանանց ազատագրման» հարցի բարձրաձայնումն ունի ավելի քան 150 տարվա պատմություն: Այդ պատմության շարժիչ ուժերից են Էլպիս Կեսարացյանը, Սրբուհի Տյուսաբը, Մարիամ Խատիսյանը, Զապել Եսայանը, Շուշանիկ Կուրղինյանը, Ֆլորա Վարդանյանը եւ շատ այլ հասարակական-քաղաքական գործիչ կանայք, որոնց անունները մենք անգամ չենք լսել:

Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմել, նրանց մասին մեզ դպրոցներում եւ նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք ա՛յն ազատությունները եւ իրավունքները, որոնք նվաճել եւ իրացրել են այդ կանայք:

Կանանց իրավունքների համար պայքարած շարժումների շնորհիվ է նաեւ, որ մենք այսօր գտնվում ենք այս դահլիճում, եւ ես ձեզ դիմում եմ որպես ընտրված պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ:

Հետեւաբար մարտի 8-ը նախեւառաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզնից առաջ եռանդ, ջանք եւ կյանք են դրել կանանց ազատագրման եւ խնդիրների լուծման պայքարում:

Ճիշտ է՝ կանանց խնդիրները շարունակում են գոյություն ունենալ, եւ պայքարը կանանց իրավունքների համար եւս պետք է շարունակվի: Հետեւաբար մարտի 8-ը մեզ համար նաեւ խոստումի օր է, որ ինքներս շարունակելու ենք այս պայքարը հանուն բոլոր կանանց բարօրության եւ իրավունքների հաստատման՝ մեր երկրներում եւ աշխարհում:

Որքան էլ ցավոտ է ազդարարելը, սակայն, այո՛, մեր երկրում կանայք ունեն բազմաթիվ ակնառու, ինչպես նաեւ չերեւացող խնդիրներ: Թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները սահմանափակ են: Կանանց աշխատանքի մեծ մասը՝ ընտանիքի եւ երեխաների խնամքը, մնում է չնկատված եւ արժանի չգնահատված: Հայաստանում կանայք, ճիշտ է, ունեն հավասար կրթության իրավունք, սակայն շատ ընտանիքներում եւ համայնքներում աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի դիտվում: Ճիշտ է, կանայք ունեն ընտանիք կազմելու, անձնական կյանքը տնօրինելու իրավահավասարություն, սակայն շատ կանանց եւ աղջիկների փոխարեն իրենց կենսական որոշումները կայացնում են այլոք, իսկ շատերն էլ իրենց զգում են «հանրային կարծիքի» ճնշման ներքո: Կանայք ունեն առողջության պահպանման իրավունք, սակայն միշտ չէ, որ պաշտպանված է նրանց վերարտադրողական առողջության եւ սեփական մարմինը տնօրինելու իրավունքը: Օրենքով կանայք պետք է պաշտպանված լինեն բռնությունից, սակայն կան կանայք, որոնք շարունակական բռնության եւ շահագործման են ենթարկվում ընտանիքում, աշխատանքի ու հանրային վայրերում:

Իմ նշած բազում խնդիրների վերաբերյալ կան արված տասնյակ հետազոտություններ:

Մենք ունենք քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը խրախուսող քվոտաներ, բայց դրանք բավարար չեն բարձր ցուցանիշով կանանց ընդգրկվածության համար: Այսօր մեր խորհրդարանում ունենք թեեւ համեմատաբար ավելի մեծ, բայց ընդամենը 24 տոկոս կանանց ներկայացվածություն:

Մենք պետք է ընդունենք, որ մեր բնակչության 50 տոկոսից ավելին կազմող կանայք ունեն հանրային այնպիսի թանկ ռեսուրսների պակաս, ինչպիսիք են ազատ ժամանակը, ֆինանսական միջոցները եւ հանրային վստահությունն ու աջակցությունը: Բացի այդ, մենք պետք է արձանագրենք, որ տարբեր սոցիալական խմբերի կանայք ունեն այս ռեսուրսների եւ իրավահավասարության տարբեր չափի հասանելիություն: Այնինչ դրանք անհրաժեշտ են բոլոր կանանց, որպեսզի նրանք առավել մեծ մասնակցություն ունենան հանրային-քաղաքական կյանքին եւ խնդիրներին լուծում տալու իրական հնարավորություն ձեռք բերեն:

Այս հարցերը նախեւառաջ մենք՝ կանայք, պետք է իմաստավորենք: Մեկ կնոջ խնդիրը բոլոր կանանց խնդիրն է - քանի որ սոցիալական է իր բնույթով, ուրեմն նաեւ պետք է լուծվի իրավական մեխանիզմներով ու հանրային աջակցությամբ:

Մենք՝ կանայք, պետք է հասկանանք մեր խնդիրները, ինչպես նաեւ գիտակցենք մեր զորությունը՝ մեր հավաքական փոխաջակցության ուժը: Ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում կանայք փոխաջակցող են, քույրաբար օգնող: Հաճախ կարելի է հիանալ, թե ինչպես են տարբեր սերունդների եւ տարեկից կանայք աջակցում միմյանց, կիսում սեփական փորձը, օգնում կենցաղային գործերում, թե ինչպես են կանանց կոլեկտիվներում կիսում աշխատանքային դժվարությունները: Սակայն կանանց ընկերության եւ փոխաջակցության այս փորձառությունները հաճախ մնում են նեղ ընտանեկան կամ համայնքային տիրույթներում եւ չեն դառնում հանրային կյանքի եւ փորձառության մաս: Մենք ունենք կանանց համերաշխության միջավայրեր, սակայն կարիք ունենք եւ պետք է ընդլայնենք դրանք, պետք է զորացնենք այլ կանանց մեր աջակցությամբ:

Նշելով մարտի 8-ը՝ առաջին հերթին մենք ընդունում ենք կանանց խնդիրների գոյությունը եւ դրանք հաղթահարելու մեր հանձնառությունը:

Ուրախ եմ, որ այսօր այս միջոցառմանը ներկա են հենց այդպիսի հանձնառու շատ կանայք: Իհարկե, վստահ եմ, որ շատ-շատերն էլ այս պահին դահլիճում չեն, սակայն Հայաստանի կանանց իրավունքների համար պայքարի նվիրյալներ են:

Շատերդ ձեր ամենօրյա գործունեությամբ օգնում եք մեր հանրությանը նկատել կանանց չերեւացող խնդիրները, բարձրաձայնում եք դրանք եւ լուծումներ որոնում, աջակցում եւ զորակցում եք կանանց:

Սիրելի՛ կանայք, քույրեր, շնորհավոր մեր բոլորի մարտի 8-ը՝ կանանց իրավունքների միջազգային պայքարի օրը:

Եւ եթե մարտի 8-ին ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարին:


08.03.2019
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի եւ ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են պատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am