ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին:
Ալեն Սիմոնյանը երկու երկրների միջպետական հարաբերությունների համատեքստում ընդգծել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության դերը՝ հավաստիացնելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն իր համանախագահությամբ կշարունակի արդյունավետ աշխատանքը:
Բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացման հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է դեսպանի գործուն մասնակցությունն ու աջակցությունը՝ համագործակցելու պատրաստակամություն հայտնելով:
Ալեն Սիմոնյանն իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանցի որոշ գործընկերների՝ փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական միջոցառման մասնակցության առնչությամբ:
Ռուս-հայկական քաղաքական օրակարգի առաջմղման գործում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւորությունը եւ առաջիկայում հանդիպումներն ու քննարկումները հաճախակի դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերել: