ՀՀ Ազգային ժողովը մարտի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը:
Պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Վահագն Հովակիմյանն իրենց տեսակետներն են հայտնել Հայաստանում երբեւէ իրականացված ընտրական գործընթացների վերաբերյալ եւ կարեւորել ազատ ու արդար ընտրությունների անցկացումը՝ դրանում ընդգծելով քաղաքական կամքի առկայությունը: Պատգամավորները նաեւ անհրաժեշտ են համարել բարեփոխել ընտրական օրենսդրությունը:
Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ նշել, որ ազատ, արդար, օրինական եւ ժողովրդավարական ընտրություններն են այն հիմքն ու պայմանները, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն այնպես, ինչպես հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց կենսական օդ ու ջրի:
Անդրադառնալով տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ԱԺ նախագահը շեշտել է, որ անցկացվել են իրապես ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ, ինչի մասին վկայել են ամենաբծախնդիր միջազգային կազմակերպությունները: «Կարծում եմ, որ պետք է բոլոր՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակությունը պայմանավորվեն եւ վերահաստատեն՝ այսուհետ ունենալու բացառապես ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:
Նշելով ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացման գործում քաղաքական կամքի առկայության կարեւորությունը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ միայն դա բավարար պայման չէ. անհրաժեշտ է նաեւ բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:
ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ եւ քաղաքական ուժերին հրավիրել համագործակցության՝ միասին աշխատելու եւ բարելավելու Հայաստանի ընտրական օրենսդրությունը:
Եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Նա փաստել է, որ ազատ, արդար եւ թափանցիկ են եղել ոչ միայն արտահերթ խորհրդարանական, այլեւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ԿԸՀ հաղորդումն ընդունվել է ի գիտություն:
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում առաջին ընթերցմամբ քննարկումից հետո փոփոխություններ չեն եղել:
Խորհրդարանն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: