Տպել
04.03.2019
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 9

Մարտի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակն ու արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները: Ըստ զեկուցողի՝ 2018 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ է արտահանվել վերջնական օգտագործման շուրջ 680 մլն դոլարի ապրանք: Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներից ոսկու, ուսկյա իրերի եւ ադամանդների համար կիրառվում է 3 տոկոս մաքսատուրք, իսկ 2020 թ.-ին կկազմի 6 տոկոս: Բանախոսն անդրադարձել է նաեւ նախարարության իրավասությանը վերաբերող ուղղություներին, պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են երրորդ երկրներից Հայաստան ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային փոփոխությանը, տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար ձեռնարկվելիք քայլերին:

Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված Հայաստան ներմուծվող մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից:

Որպես խորհրդարանական կառավարման երկրի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ՝ Միքայել Մելքումյանը կարեւորել է նմանատիպ քննարկումների հաճախակի անցկացումը, ինչն ապահովում է գործադիրի հաշվետվողականությունն Ազգային ժողովին: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ԵԱՏՄ կոլեգիայում հարցերն անհրաժեշտ է բարձրացնել ի շահ մեր պետության: Նա կոչ է արել գործադիրին ԵԱՏՄ-ում վարել ակտիվ բանակցային քաղաքականություն՝ առաջարկելով հետաձգել երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, չի օգտվում կառույցի ընդհանուր շուկայի առավելություններից:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ: Քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զելուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է վճարովի հիմունքներով սովորողներին հնարավորություն տալ ուսման վարձը վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների: Նրա խոսքով` բարձրագույն կրթության ոլորտում ներկայում գոյություն ունեցող հիմնախնդիրներից իր սոցիալական նշանակությամբ հատկապես առանձնանում է ուսման վարձի վճարման հետ կապված հարցը, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող, սակայն սոցիալական ոչ բարենպաստ պայմաններում գտնվող անձանց համար: Ըստ պատգամավորի՝ խնդիրը կապված է ոչ միայն ուսման վարձի մեծ չափերի, այլ նաեւ դրա վճարման կարգի հետ: Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ ստացվել է մոտ 400 դիմում: Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

Նախագծի վերաբերյալ ելույթում պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է փոփոխության ընդունման անհրաժեշտությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը նշել է, որ հարցը բավականին լուրջ քննության է ենթարկվել նախարարության կողմից եւ ընդունման դեպքում փաստացի ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում ուսանողների համար: Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Արեւիկ Անափիոսյանը պատգամավորների խնդրանքով անդրադարձել է կրթության ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանն ուղղված խնդիրներին, պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրին:

Քննարկված նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է ընդգրկել ՀՀ Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...