Տպել
26.02.2019
Շարունակվում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա
1 / 20

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող եւ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, շրջայց կատարել հայկական կրթօջախում եւ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Մոսկվա այցի օրակարգը, իշխանությունների դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համատեքստում ընդգծել է Ռուաստանում հայ համայնքի հատուկ դերը:

ԱԺ պատվիրակության անդամները եւ համայնքի ներկայացուցիչները բաց եւ անկեղծ քննարկում են ծավալել Հայաստանին եւ Սփյուռքին վերաբերող հասարակական, կրթական, մշակութային մի շարք կարեւոր հարցերի շուրջ: