National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
25.02.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 8

Փետրվարի 25-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի եւ Հրանտ Մադաթյանի հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի կլինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով: Այդպիսով, անկախ արհեստակցական կազմակերպությունը կախվածություն չի ունենում որեւէ գործատուից եւ ֆինանասավորվում է բացառապես աշխատողների անդամավճարներով եւ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրից, բայց ոչ գործատուի միջոցներից, ինչը լիարժեք ու ինքնուրույն գործելու ողջամիտ հեռանկար է ստեղծում արհեստակցական միության համար:

Նախագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ արհմիությունների նպատակը պետք է լինի աշխատողների շահերի իրական պաշտպանությունը եւ այս նախագծով գործող արհմիություններին որեւէ վտանգ չի սպառնալու: Նշվել է, որ նախագծի նպատակն է դաշտում ստեղծել այլընտրանք եւ մրցակցություն:

Պատգամավորների հարցերը վերաբերել են արհմիությունների անկախությանը, այլընտրանքային արհմիություններ ստեղծելու նպատակահարմարությանը, գործադուլի իրավունքի իրացմանը, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, արհմիությունների գործառույթների հստակեցմանը, առեւտրային գաղտնիքի հրապարակմանը, արհմիություններն ուժեղացնելու նպատակով հայեցակարգային փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը եւ աշխատանքային հարաբերությունների հստակեցմանը վերաբերող այլ խնդիրների: Նշվել է, որ առաջարկվող կարգավորումը կարող է հանգեցնել ճյուղային արհեստակցական միությունների դերի ու նշանակության թուլացմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն իր զեկույցում հիմնավորել է կառավարության բացասական եզրակացությունը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ այսօր արհեստակցական միությունները չեն գործում, ոլորտում հեղափոխական քայլեր են անհրաժեշտ:

Քվեարկության արդյունքում 4 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ քննարկված նախագիծը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստին մասնակցել են նաեւ արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նույն օրը հրավիրած նիստում քննության է առել պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հեղինակը նշել է, որ ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ պատգամավորների եւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկ է ներկայացվել օրենքի գործողության ժամկետը սահմանել մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը: Քննարկման ընթացքում հանձնաժողովականները դրական են արտահայտվել նոր ժամկետի սահմանման վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարարության պատասխանատու Բաբկեն Տեր-Գրիգորյանը տեղեկացրել է, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ օրենքի կիրարկման ընթացքում հետախուզման մեջ գտնվող շուրջ 9900 ՀՀ քաղաքացի կատարելով համապատասխան դրամական մուծումներ ազատվել է քրեական պատասխանատվությունից: Ներկա դրությամբ 27-ից 35 տարեկան 3225 քաղաքացի գտնվում է հետախուզման մեջ, իսկ ընդհանուր թիվը կազմում է շուրջ 10 հազար:

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, հասարակական կազմակերպությունները համատեղ պետք է գտնեն հարցի այնպիսի լուծում, որպեսզի հետախուզման մեջ գտնվող բոլոր քաղաքացիները վերադառնան հայրենիք: «Նրանք պետք է ներգրավված լինեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման գործում»,- նշել է մշտական հանձնաժողովի նախագահը:

Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS