Տպել
15.02.2019
Ներկայացվել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդումը
1 / 5

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է «ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

ԿԸՀ նախագահը նշել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 20.012 քաղաքացի, իսկ 4.132-ը՝ մասնագետի կարգավիճակով իրականացրել են ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումների աշխատանքի կազմակերպումը:

Ազգային ժողովի արտահերթ ընտրության էլեկտրոնային եղանակով արտերկրից իրականացվող քվեարկությունը կազմակերպվել է 2018 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը՝ Երեւանի ժամանակով 08:00-ից մինչեւ 20:00-ը: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող 729 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 504-ը:

Բանախոսը նշել է, որ ընտրություններն անցել են հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Քվեարկության օրը 2010 ընտրական տեղամասերից 1982-ում արդյունքների ամփոփմանը հետեւել են 24.714 դիտորդներ, այցելուներ ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 2 հայցադիմում: Դատական ակտերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները կամ գործողությունները ոչ իրավաչափ չեն ճանաչվել:

Տիգրան Մուկուչյանը փաստել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել դիմում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, ինչպես նաեւ արտահերթ ընտրության արդյունքներով ընդունված որոշումը իրավասու սուբյեկտների կողմից չի վիճարկվել սահմանադրական դատարանում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, որոնք վերաբերել են նախընտրական քարոզարշավին, սոցիալական ցանցերին եւ էլեկտրոնային լրատվական կայքերին, ինչպես նաեւ թեկնածուների՝ քարոզչական պաստառների պատռելու դեպքերին, ասել է, որ նշյալ խնդիրների մասին իրենք տեղյակ են, սակայն դրանց կարգավորումներն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է: ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ մի շարք հարցերի լուծումներ պահանջում են օրենսդրական նոր կարգավորումներ:


23.04.2024
Քննարկվել են հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 22-ին ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնին: Հայ խո...