Տպել
14.02.2019
Խորհրդարանը հավանություն է տվել Կառավարության ծրագրին
1 / 13

Փետրվարի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Պատգամավորներն իրենց տեսակետներն են ներկայացրել նախագծի վերաբերյալ:

Մի շարք ելույթներում անհրաժեշտ է համարվել ծրագիրը դարձնել ավելի որոշակի, ապահովել դատական իշխանության եւ դատավորի անկախությունը, բարձրացնել կառավարության պատասխանատվության աստիճանն ու ուսուցչի նկատմամբ հարգանքը: Առաջարկ է եղել փաստաթղթում ավելացնել ծրագրի իրականացման ռիսկերը, երաշխիքներն ու այն չկատարելու դեպքում՝ պատասխանատվությունը, նախանշված անելիքների համար նշել հստակ ժամկետներ:  Կարեւորվել են ներդրումների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ծրագրի կատարման չափելիության ապահովումը: Նշվել է, որ անդրադարձ չկա պետական պարտքին: Ըստ որոշ դիտարկումների՝ ծրագրի նպատակը հեղափոխական է, իսկ բովանդակությունը՝  ոչ:

Կարծիք է հնչել, որ այս փաստաթուղթն ապառազմավարական եւ  ապահայեցակարգային է, դրանում բացակայում են սկզբունքները: Պատգամավորներից ոմանք կարեւորել են կոռուպցիայի դեմպայքարը,  պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը,  օրինախախտների դեմ խիստ պատիժների սահմանումը եւ հարկային օրենսդրության պարզեցումը՝ մեջբերելով Սինգապուրի դրական օրինակը: Շատ պատգամավորներ էլ իրենց ելույթներում Կառավարության ծրագիրը գնահատել են որպես տնտեսական զարգացում ապահովող, թեեւ դրանում շատ չեն թվային ցուցանիշները: Նշվել է նաեւ, որ ծրագրում բազմաթիվ են չափելի եւ վերահսկելի դրույթները:

Տնտեսական հեղափոխությանը զուգահեռ անհրաժեշտ է համարվել նաեւ իրականացնել մշակութային հեղափոխություն:Ելույթներում անդրադարձ է կատարվել նաեւ աշխատաշուկայի կարիքներին, անհրաժեշտ է համարվել ավելացնել գիտությանը հատկացվող գումարները:

Մտահոգություն է հայտնվել, որ ծրագրում չի խոսվում ժողովրդագրական անվտանգության ռազմավարությունից: Կարծիք է հնչել հայրենադարձությանն ուղղված գրասենյակների բացման վերաբերյալ:

Կարեւորվել է որոշ երկրների՝ հաջողված տնտեսական զարգացում արձանագրած փորձի ուսումնասիրումը:

Պատգամավորները նշել են, որ ծրագրում ներկայացված չէ Կառավարության հռչակած տնտեսական հեղափոխության իրականացման գործիքակազմը: Խոսվել է նաեւ կինոարտադրության ոլորտում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունից:

Նշվել է, որ բարձր է խորհրդարանի հանդեպ քաղաքացու վստահությունը եւ հետագա գործողություններով պետք է ամրապնդել այն: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, արտաքին հարաբերություններին, պետական համակարգում սպասվելիք օպտիմալացման գործընթացին, ՀՆԱ-ի աճի տեմպերին:

Նշվել է, որ մերժվել է նախկին կեղծ համակարգը եւ եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը, որն առանց ժողովրդի մասնակցության հնարավոր չէ իրականացնել: Այս համատեքստում կարեւորվել է խորհրդարանի եւ կառավարության կողմից համապատասխան մթնոլորտի ապահովումը, որի պայմաններում մարդիկ կվերագտնեն իրենց վստահությունը, կշարունակեն լինել պահանջատեր եւ մասնակցություն ունենալ տնտեսական առաջընթացի գործում:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  

ԱԺ նախագահն անդրադառնալով Կառավարության ծրագրով նախատեսված ջրամբարների կառուցմանը եւ պատասխանելով գործընկերների՝ որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում եւ քա՞նի ջրամբար է կառուցվելու հարցադրումներին՝ հավաստիացրել է, որ թեեւ ժամկետներ կառավարության ծրագրում չկան, բայց այդ ջրամբարները կառուցվելու են:

ԱԺ նախագահը համաձայնել է Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ դժվար է լինել ընդդիմություն հեղափոխությունից հետո, բայց տասնապատիկ ավելի դժվար է լինել իշխանություն եւ հարյուրապատիկ ավելի դժվար է լինել քաղաքացի:

«Այս ծրագիրը կարող է իրականանալ միայն մի դեպքում, եթե կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, մասնակցությունը: Այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա, իմ խորին համոզմամբ, կառավարության միակ ու լրջագույն մարտահրավերն է: Կհաջողվի՞ կառավարությանն ապահովել սա, կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, եւ թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Կառավարությունը ներկայացրել է ծրագիր, սակայն դեռեւս խորհրդարան չի բերվել Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը, որն անհրաժեշտություն էր: Պատգամավորի կարծիքով՝ պետք է Կառավարության աշխատանքներում ներգրավել այնպիսի մասնագետների, որոնք  կհավատան հայտարարված տնտեսական հեղափոխությանը եւ դրա իրականացման ուղիներ կառաջարկեն: Նրա համոզմամբ՝ վարչապետը պետք է փոխի իր կադրային քաղաքականությունը, եթե ցանկանում է ունենալ մեծ փոփոխություններ:  «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու ծրագրին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը:  Ըստ նրա՝ ծրագիրը պետք է լիներ հեղափոխական, սակայն այն զգուշավոր եւ վախվորած է: Նման բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության ներկայացրած փաստաթուղթը չի լուծելու առկա սոցիալ-տնտեսական  խնդիրների բեռը, իսկ հանրության ամենամեծ վստահությունն անգամ«մաշվելու» հատկություն ունի, ասել է Նաիրա Զոհրաբյանը:  Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած առաջարկների ընդունումից է կախված խմբակցության քվեարկությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը  փաստաթղթի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ըստ նրա՝ Կառավարության ծրագիրը յուրօրինակ ուղերձ ու ուղենիշ է, հեղափոխական է, կաղապարված չէ, ճկունության եւ աշխատելու լայն հնարավորություն է տալիս:Խմբակցության ղեկավարի խոսքով՝ առաջիկա հինգտարիներին Կառավարությունն օրենսդիր մարմնի հետ համատեղ հնարավորություն ունի իրականացնելու հեղափոխական բարեփոխումներ, որը, սակայն, չի կարող միայնակ իրականացնել՝ չունենալով  իշխանության այլ ճյուղերի աջակցությունը: «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու ծրագրին:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է պատգամավորներիելույթներին, դիտողություններին, տվել պարզաբանումներ: Ըստ նրա՝ ծրագրի  քննարկման ընթացքում անդրադարձ չի եղել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրին, որը Կառավարության գործունեության առաջիկա հինգ տարիների ծրագրի հիմքն է:

Վարչապետը պարզաբանել է, որ Կառավարությունն ունի անելիքների եւ պատասխանատվության իր բաժինը, ինչը նաեւ ունի քաղաքացին:  Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացին պետք է հավատա իր ուժերին, իսկ աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոփոխություն՝ մարդկանց  մտածելակերպում:

«Չի լինելու վատ եւ ավելի վատ, լինելու է լավ եւ ավելի լավ, սակայն սրան պետք է հավատալ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ տնտեսության, կրթության ոլորտներին, հարկային քաղաքականությանը,  ավիափոխադրումներին, ինչպես նաեւ պատգամավորների  առաջարկներին՝ պարզաբանելով, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը թույլ չի տալիս փոփոխություններ կատարել ծրագրում:

Քվեարկության արդյունքում փաստաթուղթն ընդունվել է  88 կողմ,  40 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը:

ԱԺ երկրորդ նստաշրջանն իր առաջին նիստը կգումարի մարտի 5-ին: