Տպել
12.02.2019
Խորհրդարանը սկսել է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի քննարկումը
1 / 14

Խորհրդարանն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը քննարկելու նպատակով փետրվարի 12-ին գումարել է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  տեղեկացրել է, որ ԿԸՀ-ից ստացվել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին  տրամադրելու մասին թիվ 2 արձանագրությունը, համաձայն որի` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած թեկնածու Վարդան Նելսոնի Աթաբեկյանին: Պատգամավորն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն երդվել է:

Կառավարության ծրագիրն այնուհետեւ  ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա  շնորհավորել է պատգամավորներին ընտրվելու առթիվ` մաղթելով բեղմնավոր եւ առաքինի ծառայություն:

Վարչապետն անդրադարձել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդգծելով, որ դրանք բացառիկ էին երրորդ հանրապետության պատմության մեջ, քանի որ տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունների,  միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հայաստանյան   հանրության կողմից գնահատվել են  որպես ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ եւ ժողովրդավարական: «Դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն  առաջինն էին Հայաստանի պատմության մեջ, որի արդյունքները չվիճարկվեցին ոչ Սահմանադրական դատարանում, ոչ էլ հանրայնորեն,    հետեւաբար ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող  խորհրդարան եւ  լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան  ունեցող կառավարություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետի խոսքով` կայացած արտահերթ ընտրություններով ավարտվել է  Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքական փուլը, եւ  եղած փոփոխություններն անշրջելի են: «Սա իհարկե չի նշանակում, թե  Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է  եւ հետագա կատարելագործման ու լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա նշանակում է, որ   քրեաօլիգարխիկ կառավարման  նախորդ ռեժիմին  վերադարձ այլեւս չի կարող լինել եւ մեզ միայն մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ եւ կոռուպցիոն վերջին բացիլներից»,-ասել է նա:

Վարչապետի`  ավելի քան մեկուկես ժամ տեւած ելույթը` այստեղ :

ՀՀ ԱԺ պատգամավորները բազմաբնույթ հարցեր են ուղղել ՀՀ վարչապետին՝ փորձելով պարզել մի շարք ոլորտներում կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներն ու քայլերը: Օրենսդիրների հարցերն առնչվել են պետական կառավարման արդյունավետությանը, բնակչության անվտանգության ապահովման տեսանկյունից վթարային շենքերի ամրացմանը, դատական ոլորտում առկա խնդիրներին, անցումային արդարադատությանը, տնտեսության զարգացման գործընթացին քաղաքացիների մասնակցությանը, պրոբացիայի ծառայության ներդրման արդյունավետությանը, ստվերային տնտեսության դեմ պայքարին, զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-խորհրդարան սերտ համագործակցությանը, փաստաբանության, նոտարիատի, արբիտրաժային ծառայությունների իրականացման ոլորտներում ձեռնարկվող քայլերին եւ այլն:

Վարչապետի խոսքով՝ մեր երկրում անցում է տեղի ունենում գերկենտրոնացվածից ապակենտրոնացման համակարգի: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա ճիշտ ռազմավարություն է, քանի որ ապակենտրոնացման տրամաբանությունը համապատասխանում է ժողովրդավարության եւ լիազորությունների որոշակի պատվիրակման տրամաբանությանը: «Մենք պետք է հրաժարվենք ռիսկեր չկառավարող կարգավորումներից, իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատենք»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված այս տարի կտրվի գործընթացի մեկնարկն Արարատի եւ Արմավիրի մարզերում, ապահովագրության հնարավորություն կընձեռնվի ծիրանի եւ խաղողի համար, նաեւ կարկտահարության, ցրտահարության եւ հրդեհների դեպքերում:

Թոշակների բարձրացման առնչությամբ վարչապետը նշել է, որ այս հարցում մի կողմից պետք է ստվերային տնտեսության դեմ պայքարել, մյուս կողմից՝ տնտեսության որոշակի աճ ապահովել:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցի համատեքստում  ՀՀ վարչապետը կարող է բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց ոչ Արցախի Հանրապետության, քանի որ Արցախի ժողովուրդը ընտրությունների արդյունքում ձեւավորել է պետական իշխանության մարմիններ` նրանց միջոցով իր անունից տալով բանակցություններում հանդես գալու լիազորություն: Բանախոսը կարեւորել է ԼՂ ներկայացուցչի մասնակցությունը` հիշեցնելով, որ 1994 թ.-ի Բուդապեշտի ձեւաչափով Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես բանակցող կողմ:

Խոսելով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման հարցից` վարչապետը նշել է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի միջուկային էներգիա շարունակաբար ունենալու համար: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է այլընտրանքային էներգետիկայի եւ վերականգնվող էներգիայի զարգացումը` ընդգծելով, որ միջազգային բոլոր չափանիշներով մեր երկիրն արեւային էներգիայի զարգացման մեծ ներուժ ունի եւ այս հարցով համագործակցում է օտարերկրյա մի շարք ընկերությունների հետ:

Անդրադառնալով ծրագրով նախատեսված տնտեսական քաղաքականության իրականացմանը` վարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակ ունի բարձրացնել աշխատավարձերը եւ ստեղծել աշխատատեղեր: Ըստ նրա` 2019 թվականից ավելացել է 85 հազար անձի նպաստի չափը եւ 220 հազար քաղաքացու աշխատավարձը:

Վարչապետն Իրանի հետ հարաբերությունները դիտարկել է քաղաքական, երկկողմ տնտեսական, ինչպես նաեւ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում: Նշելով, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ստորագրված ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիրը վավերացման փուլում է՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ըստ վերլուծությունների՝ այդ մեխանիզմի գործադրումն էական փոփոխություն կմտցնի հայ-իրանական հարաբերություններում: Նշվել է, որ էներգետիկայի ոլորտում ակտիվ համագործակցություն կա Իրանի հետ, ինչը խորացնելու մտադրություն կա:

Վարչապետի խոսքով՝ Իրանի հետ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որի ապացույցը նաեւ իր առաջիկա այցն է այդ պետություն: «Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, որոնց նպատակը չի լինի որեւէ երրորդ կողմի վնասելը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման տեմպերին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ 2018 թ. զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով, վերջին եռամսյակում այդ աճի տեմպն ավելացել է: Ոլորտի զարգացումը Նիկոլ Փաշինյանը կարեւորել է աղքատության հաղթահարման եւ միջին ու փոքր բիզնեսի խթանման հարցում:

Բանախոսն անդրադարձել է նաեւ Երեւանից դուրս գործարար համայնքների զարգացմանը, էկոտուրիզմի խթանմանը, որի համար կառավարությունը համապատասխան ֆինանսական միջոցներ ու լծակներ ունի:

ՀՀ վարչապետը մանրամասնել է ծրագրի գաղափարախոսությունը՝ նշելով. «Կառավարությունը ոչ թե մարդու պրոբլեմը լուծողն է այդ մարդու պասիվ դիրքորոշման պայմաններում, այլ կառավարությունն իր քաղաքականությամբ աջակցողն է մարդու ակտիվությանն իր պրոբլեմը լուծելու ճանապարհին: Սա է մեր գաղափարախոսությունը»:

Խոսելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կողմնակից են արդյունավետ հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմների կիրառմանը: «Իրականացրել ենք ժողովրդական եւ ժողովրդավարական հեղափոխություն եւ որեւէ կասկած, կարծում եմ, չպետք է լինի, որ մենք չենք նահանջելու այդ արժեքից»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իշխանության գերկենտրոնացում չպետք է լինի, այն պետք է որոշակիորեն ապակենտրոնացվի: «Հույս ունենք, որ կառավարությունը եւ խորհրդարանն այդ ճանապարհին կանեն քայլեր, բայց դրանք պիտի լինեն այնպիսին, որ չխաթարեն պետության կառավարելիությունը»,-փաստել է նա:

ՀՀ վարչապետը խոսել է նաեւ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, քաղաքաշինության եւ բազմաթիվ այլ բնագավառներում առկա խնդիրների ու դրանց լուծման մեխանիզմների մասին:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ին: