Տպել
11.02.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 22

Փետրվարի 11-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար քաղաքական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել առաջադրել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Սերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվել է: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու եւ վստահության համար, անդրադարձել առաջիկա անելիքներին:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ իր աշխատակարգը:

Վարազդատ Կարապետյանի առաջարկով նախատեսվում է կազմավորել ոլորտային աշխատանքային խմբեր, որոնցում կընդգրկվեն նաեւ ոչ պատգամավորներ: Այսօր արդեն ձեւավորվող գյուղատնտեսական աշխատանքային խումբը, որում ընդգրկվել են 3 պատգամավոր, ՀՀ կառավարության, Հայաստանի ագրարային համալսարանի, Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, զբաղվելու է հանրապետության շուրջ 200 հազար հեկտար չօգտագործվող հողերի խնդրով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ նախ քննարկվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Հովիկ Աղազարյանի թեկնածությունը:

Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար՝ թեկնածուն ներկայացրել է հանձնաժողովում իրականացվելիք աշխատանքների իր տեսլականը:

Քվեարկության արդյունքում Հովիկ Աղազարյանը միաձայն ընտրվել է:

Պատգամավորները հաստատել են նաեւ հանձնաժողովի աշխատակարգը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ միաձայն փոխնախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել վստահության համար, կարեւորել հանձնաժողովում թիմային աշխատանքը:

Այնուհետեւ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ աշխատակարգն ամբողջությամբ արտացոլում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ միաձայն նախագահի տեղակալ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը:

Հաստատվել է նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը:

Հանձնաժողովականները լսել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի գործունեության մասին տեղեկատվություն, որը ներկայացրել է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը: Նիստում քննարկվել է նաեւ Բյուջետային գրասենյակի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը` կատարած աշխատանքների վերաբերյալ:

Գագիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ Բյուջետային գրասենյակը սահմանված ժամկետներում պատրաստել եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին է տրամադրել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության եւ ՀՀ 2018 թվականի առաջին եռամսյակի, առաջին կիսամյակի եւ ինն ամիսների պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքների ամփոփ նկարագրերը: Գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում պատրաստել եւ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին է տրամադրել 397 տեղեկանք, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, տնտեսական հարցերի, արտաքին հարաբերությունների ու պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովներին աջակցություն է տրամադրել ծրագրային բյուջետավորման ներդրման ու կատարելագործման աշխատանքներում:

Գրասենյակի աշխատակազմը մասնակցել է մի շարք սեմինարների, ինչպես նաեւ ներգրավված է եղել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման եւ մոնիթորինգի գործընթացում, ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման աշխատանքներում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացած արտահերթ առաջին նիստում քննարկվել եւ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: Պատգամավորները քննարկել են նաեւ օրակարգային երկրորդ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Անդրանիկ Քոչարյանի տեղեկացմամբ՝ քաղաքական քննարկումներից հետո որոշում է կայացվել առաջադրել Վարդան Վարդանյանի թեկնածությունը, ով միաձայն քվեարկության արդյունքում ընտրվել է: Վարդան Վարդանյանը վստահեցրել է, որ կփորձի անել հնարավորը` նպաստելու հանձնաժողովի առջեւ դրված աշխատանքների իրականացմանը:


28.03.2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ մարտի 28-ին ...

28.03.2024
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մարտի 28-ին` ժամը 15:30-ին, 214 սրահում:Մարտի 28-ին` ժամը 13:00-ին, 314 սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...