Տպել
11.02.2019
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 2

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մինչ քննարկմանն անցնելը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է քաղաքացիներից ստացված ահազանգերն առ այն, որ շտապ բժշկական օգնության ծառայությունը հրաժարվում է հատկապես թոքային եւ շնչառական ծանր հիվանդություն ունեցող հիվանդներին տեղափոխել հիվանդանոց` բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով: Հանձնաժողովի նախագահն այս հարցում հրավիրել է ՀՀ առողջապահության նախարարի եւ ՄԻ պաշտպանի ուշադրությունը` ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում նախարարությունը պետք է արագ արձագանքի եւ լուծումներ գտնի:

Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է նաեւ Սահմանադրական դատարանի կողմից օրենքի այն դրույթի հակասահմանադրական ճանաչելը, որով կալանավորվածը պատժախցում զրկված էր կապի հնարավոր միջոցներից:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՄԻՊ գրասենյակի հետ մշտապես եղել է արդյունավետ համագործակցություն` հավելելով, որ առաջիկայում կմշակվի նաեւ աշխատանքային քարտեզ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարանի միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից կարեւորել է մարդու իրավունքների հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծումը:

ՄԻ պաշտպանը ներկայացրել է վերջին շրջանում իր կատարած աշխատանքները, մանրամասն անդրադարձել հատուկ հաստատություններում` հոգեբուժարաններում, խնամքի կենտրոններում, ազատությունից զրկված անձանց պահման վայրերում մարդու իրավունքների վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին: Նրա խոսքով` ոլորտը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվել, ՄԻՊ գրասենյակը մշտապես այցեր է կազմակերպում այդ հաստատություններ, աշխատանքներում ընդգրկված են նաեւ համապատասխան նեղ մասնագետներ: Արման Թաթոյանը նշել է, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածի գաղափարը եւ անհատական մոտեցում ցուցաբերվի, պատժողական արդարադատությունը պետք է փոխարինվի վերականգնողական արդարադատությամբ: ՄԻ պաշտպանն ընդգծել է, որ արդյունավետ համագործակցություն կա արդարադատության նախարարության հետ, նախորդ տարի համատեղ մշակվել է օրենսդրական փաթեթ, որը կքննարկվի խորհրդարանում: Փաստաթղթով մի շարք բարեփոխումներ են նախատեսվել:

Արման Թաթոյանն անդրադարձել է հոգեբուժարաններում խախտումներին, վերահսկողության ապահովման բացթողումներին, մասնագետների խնդրին, մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությանը: Ըստ նրա` երեխայի իրավունքների ապահովման ոլորտում պարտավորությունները կամ չեն կատարվել կամ մասամբ են կատարվել: Այս համատեքստում նա կարեւորել է ոլորտում հատուկ որակավորում ունեցող մասնագետ-դայակների ներգրավումը, բժշկական ծառայությունների մատուցման պատշաճ որակը, հատուկ խնամքը:

Խոսելով իր գործունեության մասին` Արման Թաթոյանը վստահեցրել է, որ մշտապես եղել է անկաշկանդ: Նրա խոսքով` դրան նպաստել է նաեւ այն, որ վստահության քվե է ստացել նաեւ ընդդիմադիր պատգամավորների կողմից: Արման Թաթոյանի խոսքով` նոր կառավարության ներկայացուցիչները հանրային կարծիքին ավելի ականջալուր են, եւ այդ պրակտիկան պետք է էլ ավելի զարգացնել:

ՄԻ պաշտպանը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ՔԿՀ-ներ պատգամավորների այցերին, քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմերի առկայությանը, հացադուլի կանխարգելման հնարավոր մեխանիզմներին, ներառական կրթության համակարգի արդյունավետությանը, անձի գործունակության ճանաչման խնդրին, ներում շնորհելու գործընթացին եւ այլն:

Հանդիպման ավարտին Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրել է, որ ՄԻՊ յուրաքանչյուր հաշվետվություն հանձնաժողովում մանրամասն կքննարկվի: Նրա համոզմամբ` նորաստեղծ հանձնաժողովը պետք է դառնա այն հարթակը, որտեղ խնդիրները ոչ միայն կբարձրաձայնվեն, այլեւ լուծում կստանան: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է սերտ համագործակցությունը կառավարության եւ ՄԻՊ գրասենյակի հետ: