National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
08.02.2019
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների անդրանիկ նիստերը
1 / 23

Փետրվարի 8-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած արտահերթ առաջին նիստում քննարկել եւ հաստատել է հանձնաժողովի աշխատակարգը: Այն հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են օրակարգային երկրորդ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից՝ Դոնթի բանաձեւից, առաջադրել է նույն խմբակցության անդամ Աննա Կարապետյանի թեկնածությունը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու անցած ուղին:

Աննա Կարապետյանի մասին դրվատանքի խոսքեր են ասել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը եւ ՀՀ ԱԺ պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրանք հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածուին բնորոշել են որպես պատասխանատու, արհեստավարժ, մասնագիտական բարձր որակներով օժտված անձի:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել խմբակցությանն այդ պաշտոնում առաջադրման համար եւ ներկայացրել իր տեսլականը հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ:

Քվեարկության արդյունքում Աննա Կարապետյանն ընտրվել է միաձայն:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արման Եղոյանի նախագահությամբ քննարկվել է օրակարգային երկու հարց:

Արման Եղոյանի տեղեկացմամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Կարեն Սիմոնյանի թեկնածությունը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ճանաչում է թեկնածուին որպես բանիմաց, պատասխանատու անձնավորության, ով համապատասխանում է ներկայացված պաշտոնին:

Կարեն Սիմոնյանը քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է: Նա վստահեցրել է, որ կփորձի անել հնարավորը` նպաստելու հանձնաժողովի առջեւ դրված աշխատանքների իրականացմանը եւ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր եղանակաները` զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները` դրանք հասցնելու ռազմավարական գործընկերության մակարդակի:

Այնուհետեւ պատգամավորները հաստատել են հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո Արման Եղոյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա եւ Դավոս կատարած այցերի վերաբերյալ: Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում վարչապետը բարձրացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին վերաբերող հարցը: Եվրոպացի գործընկերները հավաստիացրել են, որ գործընթացում որեւէ քաղաքական խոչընդոտ չկա, եւ այն ընթանում է ըստ իրենց ազգային խորհրդարանների օրակարգի, խնդիրը զուտ տեխնիկական է: Արման Եղոյանը նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է ներկա գտնվել վարչապետի որոշմամբ ստեղծված ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին, որը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ իր գլխավորած պատվիրակության` Բրյուսել կատարած այցին, խոսել արդյունքների մասին:

Արման Եղոյանն անդրադարձել է հանձնաժողովի առաջիկա անելիքներին, կարեւորել հանձնաժողովում թիմային աշխատանքը, արժեւորել համագործակցությունը գործադիրի եւ հասարակական կազմակերպությունների հետ:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում երկու հարց էր:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը համոզմունք է հայտնել, որ աշխատանքները կկազմակերպվեն եւ կիրականացվեն պատշաճ մակարդակով, անկախ կուսակցական պատկանելիությունից՝ կգործեն որպես մեկ ամբողջություն, բոլոր հարցերին ու նախագծերին կանդրադառնան օբյեկտիվությամբ եւ պատասխանատվությամբ:

Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունը: Շնորհակալություն հայտնելով քաղաքական թիմին իր թեկնածությունն առաջադրելու համար՝ նա համոզմունք է հայտնել, որ լավ թիմային աշխատանք կունենան՝ արդարացնելով հանրության ակնկալիքները:

Հերիքնազ Տիգրանյանը քվեարկության արդյունքում ընտրվել է միաձայն: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը տիպային օրինակ է եւ ամբողջությամբ արտացոլում է «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի դրույթները: Պատգամավորները միաձայն հաստատել են հանձնաժողովի աշխատակարգը:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ միաձայն փոխնախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել վստահության համար` ընդգծելով, որ նորաստեղծ հանձնաժողովում անելիքները շատ են:

Այնուհետեւ հաստատվել է նորաստեղծ հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո Միքայել Մելքումյանի հրավերով հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ինտեգրացիոն գործընթացների տիրույթում նախարարության անցած գործունեությանը, ԵԱՏՄ շրջանակում որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերի փոփոխման հնարավորությանը եւ այլն:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանների նմանատիպ հանձնաժողովների հետ համագործակցությունը:

Միքայել Մելքումյանի առաջարկով հանձնաժողովին կից ստեղծվել է գիտափորձագիտական խորհուրդ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից` Դոնթի բանաձեւից եւ ԱԺ խմբակցությունների քաղաքական պայմանավորվածությունից` հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքում Հովհաննես Հովհաննիսյանը միաձայն ընտրվել է: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` նա անդրադարձել է մի շարք խնդիրների` անհրաժեշտ համարելով նոր օրենքների ընդունումն ու օրենսդրական փոփոխությունները հատկապես բարձրագույն, միջին մասնագիտական եւ նախադպրոցական կրթության բնագավառներում: Պատգամավորը տեղեկություններ է հայտնել նաեւ իր այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում եւ սահմանափակել բուհերն ավարտողներին առաջարկվող աշխատանքների գովազդը: Առաջարկվում է նաեւ վարչական տուգանք կիրառել իրավախախտների նկատմամբ:

Այս օրինագծից բացի, ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, արդեն շրջանառության մեջ է կրթության ոլորտին վերաբերող մեկ այլ նախագիծ, որը հեղինակել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ որով առաջարկվում է թույլատրել, որպեսզի բուհերում ուսման վարձերը վճարվեն նաեւ մաս-մաս:

Հանձնաժողովը սահմանել է նաեւ քաղաքացիների ընդունելության կարգը եւ հաստատել հանձնաժողովի աշխատակարգը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS