Տպել
07.02.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը
1 / 4

Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ օրակարգում ունենալով երկու հարց:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Անի Սամսոնյանի թեկնածությունը: Առաջադրումը կատարվել է ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից՝ Դոնթի բանաձեւից, խորհրդարանական խմբակցությունների փոխհամաձայնությունից ու քաղաքական պայմանավորվածությունից:

Անի Սամսոնյանը քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է: Նա հավաստիացրել է, որ աշխատելու է պատասխանատվությամբ՝ արդարացնելով ցուցաբերված վստահությունը:

Պատգամավորները հաստատել են նաեւ հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո անդրադարձել առաջիկա անելիքներին եւ ծրագրերին:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ստացվել են հարյուրից ավել նամակներ, որոնցում հեղինակներն առաջարկում են հանրային քննարկումներ անցկացնել տարբեր հարցերի վերաբերյալ: Խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բազմաթիվ են, ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ այս հանձնաժողովը դառնալու է մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն հարթակներից մեկը: «Հանձնաժողովը պետք է դարձնել խնդիրների լուծման հանձնաժողով»,-շեշտել է նա եւ հավելել, որ հանձնաժողովի անդամներից շատերը բավական փորձ ունեն մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկներ:

Նշենք, որ հանձնաժողովի անդամներն առաջիկայում հանդիպումներ են նախատեսում ունենալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, քրեակատարողական հիմնարկների, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատուների հետ:

Բացի այդ՝ առաջիկա օրերին հանձնաժողովի անդամներն այցելելու են ՀՀ որոշ քրեակատարողական հիմնարկներ, Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութ եւ այլն: Այս համատեքստում մտահոգիչ է համարվել քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմերի առկայությունը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկներում բուժանձնակազմը հանել Քրեակատարողական հիմնարկների վարչությունից: Ըստ նրա՝ սա խնդիր է, քանի որ բժիշկը, լինելով քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայության ներքո, չի կարողանում դատապարտյալի առողջական վիճակի մասին տալ անաչառ տեղեկատվություն:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են օրենսդրական փոփոխության ենթարկել նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ, քանի որ օրենքն արդեն ժամանակավրեպ է եւ չի կարգավորում մասնավորապես էլեկտրոնային կայքերի գործունեությունը: Հանձնաժողովը նախատեսում է այս հարցի կապակցությամբ անցկացնել հանրային քննարկում՝ հրավիրելով խմբագիրների:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է ցմահ դատապարտյալների խնդրին եւ նշել, որ այստեղ եւս բազմաթիվ անելիքներ կան: Նա մասնավորապես անդրադարձել է ցմահ դատապարտված անձանց ներում շնորհելու հարցին եւ նշել, որ հանրությանը հայտնի մի ցմահ դատապարտյալի գործի պատճառով բազմաթիվ ցմահ դատապարտյալներ տուժել են՝ չկարողանալով ներում ստանալ:

Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու ցմահ դատապարտյալների խնդիրը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքներին վերաբերող եւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքները: