Տպել
07.02.2019
«Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգը պետք է զերծ պահել այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից». Ռուբեն Ռուբինյան
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերություններն երկու երկրների միջեւ կարձանագրեն նոր որակ եւ արդյունավետություն:

Այս համատեքստում երկու կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը, ընդգծել կառուցողական մոտեցումները եւ կոնկրետ քայլերը՝ ուղղված երկու պետությունների խորհրդարանների միջեւ փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը եւ դեսպան Ուրազաեւն անդրադարձել են ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ համագործակցությանը, կարեւորել հավասարակշռված դիրքորոշումը երկկողմ եւ բազմակողմ նշանակության խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման շրջանակին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ պետք է անել հնարավորը թե՛ երկկողմ եւ թե՛ բազմակողմ միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ղազախստանի դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգն այլ պետությունների հետ հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցությունից զերծ պահելու համար: