Տպել
07.02.2019
Հանդիպման առանցքում հայ-լեհական համագործակցության զարգացմանն ուղղված հարցերն էին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի Մարշալեկ Մարեկ Կուխչինսկիին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար:

Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերի վրա՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերություններին:

Կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ այդ հարցում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է փոխայցերը եւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքն ու շփումները:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լեհաստանի իշխանությունների՝ լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը՝ գոհունակությամբ նշելով, որ հայերը իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ զգալի ներդրում ունեն Լեհաստանի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Պավել Չեպլակն իր հերթին կարեւորել է համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում՝ նշելով, որ դրանց ընդլայնման հարցում կարեւոր դեր կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Դեսպանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որոնք արդեն նախանշվել են միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ: