National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.02.2019
«Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովների աշխատանքներից
1 / 5

Փետրվարի 5-ին  Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության անդամներ  Արման Եղոյանը,  Տարոն Սիմոնյանը եւ Նորա Առուստամյանը մանրամասներ են հայտնել հունվարի 28-29-ը Բրյուսելում /Բելգիայի Թագավորություն/  տեղի ունեցած «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի,  Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի,  Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի եւ Էներգետիկ անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովների  աշխատանքներից:

 Մխիթար Հայրապետյանը  տեղեկացրել է, որ հայ խորհրդարանականներն  աշխատել են վերոնշյալ  հանձնաժողովներում, որոնցից մեկում հայկական պատվիրակությունն ունի 1 համանախագահի եւ երկու համանախագահների տեղակալների պաշտոններ:

Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի  հանձնաժողովում  առանցքային է եղել կրթության ոլորտը. քննարկվել է ինովացիոն կրթությանը, ԵՄ գոտում եւ Արեւելյան գործընկերության երկրներում կրթական բարեփոխումներին  վերաբերող զեկույց:

Քաղաքական հանձնաժողովում քննարկվել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների բարձրացմանն ու հաշվետվողականությանը, տնտեսական հանձնաժողովում՝ ԵՄ գոտում եւ Արեւելյան գործընկերության երկրներում թվայնացման քաղաքականության միջոցով   տնտեսական աճի բարձրացմանը, էներգետիկ հանձնաժողովում՝ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ  պատվիրակությունն իր առջեւ խնդիր է դրել կառույցում լինել չափազանց կառուցողական, այն նախահարձակ է լինելու  ծրագրային  դրույթների եւ  բանավեճերի շրջանակում:

Բազմաթիվ խնդիրներ «Եվրանեսթի» գործընկերների հետ քննարկվել են նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներում: Այդպիսի քննարկումներից մեկի ժամանակ  անդրադարձ է կատարվել  Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում  իրականացվող հայատյաց, այլատյաց  քաղաքականությանն ու քարոզչությանը,  որի կապակցությամբ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս խնդրին եւս  անդրադարձ է լինելու ծրագրային եւ կառուցողական դաշտում:

Հանձնաժողովների աշխատանքներին եւ հետագա անելիքներին անդրադարձել են նաեւ պատվիրակության մյուս անդամները:

Արման Եղոյանը դրական եւ կառուցողական է գնահատել կառույցի աշխատանքը՝ նշելով, որ  ապակայունացնելու որեւէ  փորձ չի եղել:

Տարոն Սիմոնյանը կարեւորել է կառույցում հայկական պատվիրակության աշխատանքը՝ եվրաինտեգրման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:

Նորա Առուստամյանը կարեւորել է չճանաչված պետություններում բնակչության՝ կրթական բարեփոխումներից օգտվելու իրավունքի իրացումը:

Պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին: Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր կառույցում հայատյացության խնդրի բարձրացմանը, Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այդ կապակցությամբ հարց է բարձրացվել, թե ինչպես է ադրբեջանցի պատվիրակը պատկերացնում ժողովրդին խաղաղության նախապատրաստելը, եթե հայատյացություն է քարոզվում Ադրբեջանում: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ սա մտահոգիչ է ոչ միայն մեզ համար: Ըստ նրա՝ «Եվրանեսթը» միջազգային հարթակ է, որտեղ պետք է կարեւորագույն հարցեր բարձրացվեն:

Մխիթար Հայրապետյանը նաեւ տեղեկացրել է, որ կրթական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների ընթացքում զեկուցողն անդրադարձել է Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝  հորդորելով Արեւելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ ուսումնասիրել դրա գործունեությունը:  Զեկուցողը «Թումոն» համարել է  մի արժեք, որն արդեն չի սահմանափակվում միայն Հայաստանով: Նշվել է, որ նման կենտրոններ են բացվում արդեն այլ երկրներում:

 Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների  վերաբերմունքը չափազանց դրական է եղել թե նոր Հայաստանի, թե պատվիրակության նկատմամբ:  Ըստ նրա՝ հիմնականում հղում է կատարվել թավշյա հեղափոխությանն ու աննախադեպ բացառիկ թափանցիկ, ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Մխիթար Հայրապետյանի  գնահատմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային հարթակներում չափազանց բարձր է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am