Տպել
11.01.2019
Արա Բաբլոյանը հյուրընկալել է խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին
1 / 5

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 11-ին հյուրընկալել էր օրենսդիր մարմնում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, խաղաղություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ:

«Ավանդույթի համաձայն՝ սկսվող տարվա առաջին օրերին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դարձյալ հյուրընկալում է ձեզ, որպեսզի ամփոփենք անցած տարվա ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքները եւ անդրադառնանք հետագա անելիքներին:

2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի եւ, բնականաբար, խորհրդարանի համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` իրադարձությունների օպերատիվ եւ անկողմնակալ լուսաբանման համար: Համոզված եմ, որ մեր հասարակության լիարժեք տեղեկացվածության շնորհիվ էր նաեւ, որ խուսափեցինք իրավիճակի հետագա շիկացումից եւ կարողացանք խնդիրները տեղափոխել խորհրդարանական քննարկումների դաշտ, այս պատերի ներսում գտնել երկխոսության ու ճիշտ լուծումների ճանապարհը»,-ընդգծել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին՝ Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքները բարձր մակարդակով լուսաբանելու համար:

«Հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները: Այդպիսին է լրագրողների կոչումը` ճիշտ ըմբռնել պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առկա երեւույթները, նրանց զարգացման միտումները եւ կատարել վաղ ազդարարման յուրօրինակ համակարգի դեր:

Կես կատակ, կես լուրջ, բայց մի անձնական դիտարկում կատարեմ: Մասնագիտության բերումով բժիշկներն ու լրագրողներն ասես կոլեգաներ լինեն: Բժշկության հիմնական սկզբունքներից մեկը հետեւյալն է՝ ախտորոշել, հետո միայն միջամտել, քանի որ առանց ճիշտ ախտորոշման, կունենանք ավելորդ, գուցե վնասակար միջամտություն: Ցանկանում եմ, որ այս սկզբունքն անդավաճան կերպով կիրառեք նաեւ լրագրության մեջ:

Բոլորիդ մաղթում եմ, որ 2019 թվականի ընթացքում նույնպիսի պրոֆեսիոնալիզմով համագործակցեք նաեւ նորընտիր խորհրդարանի հետ»,-ասել է Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը գնահատանքի խոսք է ուղղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմին ու հատկապես Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ չնայած վեցերորդ գումարման Ազգային ժողովի կարճատեւ գործունեությանը՝ այդ ընթացքում հաջողվել է խորհրդարանում լրագրողների համար աշխատանքային լավագույն պայմաններ ապահովվել: Նա հույս է հայտնել, որ նորընտիր խորհրդարանը կշարունակի այդ գործընթացը: