Տպել
30.11.2018
ՀԱՊԿ ԽՎ շրջանակում կազմակերպվել է միջազգային համաժողով
1 / 3

Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ շրջանակում նոյեմբերի 28-ին  տեղի է ունեցել «Տնտեսական անվտանգության խնդիրները՝ որպես հավաքական անվտանգության անբաժանելի բաղադրիչ» խորագրով միջազգային գիտագործնական համաժողով, որը նախաձեռնել էր ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը: Մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Բացման խոսքում համաժողովը նախագահող Խոսրով Հարությունյանը հանգամանորեն անդրադարձել է տնտեսական անվտանգության քաղաքական իրավական ուղղություններին, տնտեսական անվտանգության մարտահրավերներին եւ գործոններին: Նա ներկայացրել է թվային տեղեկատվության ոլորտի մարտահրավերները եւ սպառնալիքները, ինչպես նաեւ առաջարկել խնդիրների հաղթահարման ուղղությամբ մշակել գիտագործնական մոտեցումներ:

ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինը հնչեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի ուղերձը:

Համաժողովի երկրորդ մասը նվիրված է եղել «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմավարական շահերի միասնականության ձեւավորման վրա ազդող ռազմաքաղաքական եւ քաղաքական տնտեսական գործոնները» խորագրով միջխորհրդարանական լսումներին: Քննարկման ընթացքում հնչել են առաջարկներ, թեմատիկ ելույթներ:

Ընդունվել է առաջարկությունների տեսքով փաստաթուղթ, որում մասնավորապես նշված էր ռազմաքաղաքական եւ տնտեսական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ գիտական, կրթական համագործակցության խթանման, ինչպես նաեւ տեղեկատվական դաշտի ձեւավորման կարեւորությունը: