Տպել
22.11.2018
Տարածաշրջանային համաժողովի օրակարգում հանրային ֆինանսների վերահսկողության գործընթացում ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարցերն են
1 / 12

Նոյեմբերի 21-22-ը Երեւանի «Փարիզ» հյուրանոցում տեղի է ունեցել  «Հանրային ֆինանսական վերահսկողության հարցում ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության տարածաշրջանային երկխոսություն» թեմայով երկօրյա համաժողով: Միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի եւ  Ժողովրդավարության Ուեսթմինսթերյան հիմնադրամի կողմից (WFD), մասնակցել են Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության խորհրդարանական հաղորդակցության եւ հանրային ֆինանսական կառավարման մասնագետները:

«Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Յենս Պետերսեն-Թումսերը բացման խոսքում հույս է հայտնել, որ համաժողովը Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների հաղորդակցության եւ հանրային ֆինանսների կառավարման ստորաբաժանումների պաշտոնյաների համար տարածաշրջանային լավագույն փորձի փոխանակման հարթակ կլինի: Ծրագրի տնօրենն օրենսդրական աշխատանքի արդյունավետ կազմակերպման հարցում կարեւորել է խորհրդարանական վերահսկողությունը, հանրության հետ հրապարակային աշխատանքը, անդրադարձել բյուջետային գործընթացում խորհրդարանի դերակատարությանը: Յենս Պետերսեն-Թումսերը երախտիքի խոսք է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարաններին արդյունավետ համագործակցության համար եւ համաժողովի մասնակիցներին մաղթել արգասաբեր աշխատանք:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Ելույթն ամբողջությամբ՝  այստեղ:

Բացման խոսքով հանդես է եկել նաեւ WFD Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Մագդալենա Ռանդալ-Շաբը:

Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են երկու երկրների օրենսդիր մարմիններում ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը ներկայացրել է ստորաբաժանման գործունեության ուղղությունները, լրատվության միջոցների հետ աշխատանքի առանձնահատկությունները: Հրայր Զորյանի խոսքով՝ ժողովրդավարական գործընթացների խորացմանն ու կայացմանը զուգընթաց օրախնդիր է դառնում պետական կառավարման մարմինների աշխատանքնների թափանցիկությունը, ընդունվող որոշումներին ու կառավարման գործընթացներին հանրության տեղեկացվածության ու մասնակցության ապահովումը, ինչն առավելապես վերաբերում է ՀՀ Ազգային ժողովին՝ որպես առաջնային մանդատ ունեցող գլխավոր օրենսդիր մարմին: Բանախոսը ներկայացրել է, թե ինչպես է խորհրդարանն ապահովում իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Վրաստանի խորհրդարանի հանրային կապերի ու տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մանանա Բակուրաձեն կիսվել է իրենց փորձով, ներկայացրել վարչության աշխատանքը հանրության հետ կապերի ամրապնդման եւ լրատվամիջոցների հետ աշխատանքի թափանցիկության ապահովման ուղղությամբ: Նրա գնահատմամբ՝ վարչությունն այս առումով կարեւոր դերակատարում ունի խորհրդարանի արդյունավետ աշխատանքի կազմակերպման հարցում:

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ֆինանսական եւ բյուջետային հարցերով պատասխանատու հանձնաժողովների ու բյուջետային գրասենյակների ներկայացուցիչները մանրամասնել են իրենց գործունեությունը եւ կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ ֆինանսական եւ տնտեսական վերլուծություններն իրենց գործունեության առանցքում են: Նշվել է, որ գործընթացի ամբողջական իրացման համար կարեւորագույն նշանակություն ունի արդյունավետ ներքին եւ արտաքին հաղորդակցությունը: Վերջինս ամրապնդում է խորհրդարանական աշխատանքի երեք հիմնական գործառույթները` օրենսդրություն, ներկայացուցչություն եւ վերահսկողություն: Զեկուցողների խոսքով՝ որակյալ հաղորդակցությունն առանցքային նշանակություն ունի օրենսդրության ընդունման, քաղաքացիների ներգրավվածության, քաղաքական օրակարգի հարցերը բանավիճելու եւ փոխադարձ համաձայնությամբ լուծելու հարցում:

Հարցուպատասխանի, թեմատիկ քննարկումների ձեւաչափում անդրադարձ է կատարվել խորհրդարանական եւ հանրային ֆինանսների կառավարման հարցերում ԶԼՄ-ների ներգրավման միջազգային  փորձին, լրատվամիջոցների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերին:

ՄԹ խորհրդարանական հաղորդակցման եւ հանրային ֆինանսների կառավարման փորձագետները ներկայացրել են միջազգային առաջատար փորձը:

Վերջին տարիներին ԳՄՀԸ «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում, Ժողովրդավարության Ուեսթմինսթերյան հիմնադրամն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին եւ Վրաստանի խորհրդարանին` ֆինանսական վերահսկողության, բյուջետային գործընթացների եւ ֆինանսական մեթոդների ուսումնասիրման ուժեղացման հարցերում: