Տպել
21.11.2018
Վերսկսվել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին գումարել է արտահերթ նիստ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի՝ հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Գործընթացը պետք է ավարտվեր մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը, սակայն տեխնիկական պատճառներով մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 270000-ը: Գործընթացն ավարտին հասցնելու համար Կառավարությունն առաջարկում է ժամկետը երկարաձգել մեկ տարով:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասինե օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Առաջարկվում է ք. Երեւան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը փոխանցել Հանրապետության նախագահին: Զուգահեռաբար՝ որպես վարչապետի նստավայր մատնանշվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն:

Վերոնշյալ օրինագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը: Փոփոխության ընդունման դեպքում մեր երկրի համար կիրառվող ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման 1,220 %-ի չափով նորմատիվի կիրառման ժամկետը կերկարի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը: Փաստաթղթի հիմնական նպատակն է կանխել ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծված (նմանակված) ապրանքների ապօրինի շրջանառությունը, ապահովել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականության իրականացումը:

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է հավանություն տալ համաձայնագրին, որով Հայաստանը որպես բյուջետային աջակցություն կներգրավի 50 մլն դոլար վարկային միջոց:

Հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա դեմ է արտահայտվել բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար վարկի ներգրավմանը՝ կարծիք հայտնելով, որ Կառավարությունը պետք է գնար այլ՝ ոչ վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհով: Նրա գնահատմամբ՝ Կառավարությունը չի իրականացրել իր այն խոստումը՝ ըստ որի կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունքում պետք է բյուջեն համալրվեր:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ խորհրդարանը վերսկսել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Զեկուցողը ներկայացրել է փաստաթղթի վերջնական տարբերակը եւ ամփոփաթերթում ներառված առաջակությունները:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է: Առաջարկները վերաբերել են տարբեր ոլորտների՝ սոցիալ-մշակութային, գիտության, ինչպես նաեւ համայնքներին առնչվող տարբեր ծրագրերի իրականացմանը:

Ընդհանուր առմամբ՝ նախագծի ծախսային մասն ավելացել է մոտ 5.9 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 648 մլրդ դրամ: Ըստ փաստաթղթի՝ բյուջեի եկամտային մասը կազմում է 1 տրիլիոն 496 մլրդ դրամ: 

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը՝ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը դրական է գնահատել փաստաթուղթը՝ նշելով, որ իրենք կողմ են քվեարկելու: Ըստ Միքայել Մելքումյանի՝ հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ «իներցիոն», այլ արտահայտեր գործարար միջավայրի եւ հանրության տարբեր շրջանակների սպասումները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է արտաքին տնտեսական մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական քաղաքականության գաղափարախոսությանը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, անդրադառնալով Հայկ Բաբուխանյանի այն դիրքորոշմանը, թե Կառավարությունը չի բացահայտում կոռոպցիոն գործարքները եւ բյուջեն չի համալրվում գողացված գումարներով, անհիմն է համարել՝ փաստելով համապատասխան մարմինների կողմից բացահայտված նյութերը:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի, ինչպես նաեւ քննարկված մյուս նախաձեռնությունների քվեարկությունները տեղի կունենան նոյեմբերի 22-ին:


21.11.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Նոյեմբերի 22-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նոր մասնաշենքի 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Օրակարգը` կից:   ...