Տպել
20.11.2018
Ամփոփվել է գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի մեկամսյա գործունեությունը
1 / 2

Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավիրած մամուլի ասուլիսը:

Բանախոսի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 19-ին լրացել է հանձնաժողովի գործունեության մեկ ամիսը եւ այն շարունակելու է գործել ըստ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն նախատեսված ժամկետի:

Միքայել Մելքումյանը նշել է, որ գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները սակագնի մեջ կազմում են 6.69 տոկոս: Գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են՝ 2 տոկոս, քան մայրուղային  համակարգում՝ 4.3 տոկոս: Ըստ հանձնաժողովի նախագահի` 1 տոկոս կորուստը համարժեք է 20 մլն խորանարդ մետր գազի: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ փոխադրման համակարգում 4 տոկոսից ավելի կորուստը շատ բարձր թիվ է:

Վերջին չորս տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահութաբերությունը կազմել է 36 մլրդ դրամ, տարեկանը` 8.9 մլրդ դրամ: Բանախոսը հավաստիացրել է, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է՝ որ ոլորտներում եւ ինչ նպատակով է այդ գումարը ծախսվել:

Որպես տնտեսագետ՝ Միքայել Մելքումյանը կարծում է, որ պետք է շարունակվեն սահմանի վրա գազի գնի իջեցման վերաբերյալ բանակցությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ է քննարկել գազի փոխադրումը գազի բաշխումից տարանջատելու մասին հարցը, ինչը մի շարք երկրներում ընդունված տարբերակ է:

Խոսվել է նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման համար համապատասխան ռեզերվների հայթայթման ուղիների մասին՝ նշվել, որ սակագինը 1 դրամ իջեցնելու համար անհրաժեշտ է 5.5 մլրդ դրամ: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ իջեցման ռեզերվները պետք է փնտրել ոչ միայն ՀԷՑ-ում, այլեւ բոլոր արտադրող կայաններում:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ համապատասխան ռեզերվների հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի գալիք տարվա փետրվարի 1-ից 3 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:
 


20.11.2018
Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ: Խորհրդարանի ղեկավարը եւ քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապա...

20.11.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների եւ դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության գործում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար 2018 թվականի նոյեմբերի 21-23-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնության) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել ...

20.11.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ (ծածկագիր` 1-1.2-3) Նշված թափուր պաշտոնը զբա...