Տպել
13.11.2018
Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում
1 / 5

Գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը պատասխանել է հանձնաժողովականների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են համակարգում իրականացվող պետական քաղաքականությանը, արտադրող ձեռնարկությունների գործունեությանը, գների հնարավոր իջեցմանը, նորմատիվային բազայի վերանայմանը, գազի եւ էլեկտրաէներգիայի կորուստներին, Հայաստանի էլեկտրական ցանցերի գործունեության գնահատման մեթոդոլոգիային:

Անդրադառնալով «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին՝ Միքայել Մելքումյանը նկատել է, որ համակարգում գոյություն ունեցող 6.69 տոկոս կորուստներն անընդունելի են:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն նշել է, որ բոլոր ընկերություններում իրականացվում է համակողմանի աուդիտ, ծախսերի կորստի ուսումնասիրություններ: Բարձրավոլտ էլեկտրացանցերում եղել են ուռճացված աշխատատեղերի կրճատումներ:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա մամուլի ասուլիս, որում կանդրադառնան հանձնաժողովում քննարկված հարցերին: