National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 16

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 7-ին համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է գալիք տարվա բյուջեի նախագիծը: Մասնակցել են խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտների պատասխանատուներ:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է սոցիալական եւ առողջապահության ոլորտների համար նախատեսված ֆինանսական ցուցանիշները: Սոցիալական ոլորտին գալիք տարի նախատեսվում է հատկացնել 444 մլրդ դրամ, որն ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշից ավել է 35 մլրդ դրամով: Առողջապահության ոլորտին կհատկացվի 91.7 մլրդ դրամ, որը 6մլրդ դրամով գերազանցում է ընթացիկ տարվա ցուցանիշը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, ներկայացնելով գալիք տարում իր ղեկավարած ոլորտում իրականացվելիք քաղաքականությունը, նշել է, որ այն ուղղվելու է հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը եւ առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Ըստ Արսեն Թորոսյանի՝ բյուջետային միջոցներով կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ առաջնային, հանրային եւ մոր ու մանկան առողջության պահպանում, սոցիալապես անապահով եւ առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում, վարակիչ հիվանդությունների կանխարգելում, շտապ բժշկական օգնություն, դեղի ապահովում, առողջապահության համակարգի արդիականացման եւ արդյունաետութայն բարձրացում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նշել է, որ նախարարությունը 2019 թվականին կշարունակի աշխատանքները կենսաթոշակային զբաղվածության, հաշմանդամության բնագավառում բարեփոխումների, կառուցակարգային փոփոխությունների, ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման ուղղությամբ, ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ երեխաների հիմնահարցերը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված նպատակային ծրագրերը եւ դրանց մոնիթորինգն ու գնահատումը: Հաշվի առնելով նաեւ ժողովրդագրական խնդիրը? զեկուցողը տեղեկացրել է, որ 2019 թ.-ին 2-րդ երեխայի ծնդդյան միանվագ նպաստի չափը կավելանա 100 հազար դրամով՝ կազմելով 150 հազար դրամ: Անդրադառնալավ ԽՍՀՄ խնայբանկերում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ հաջորդ տարի փոխհատուցումը կարող են ստանալ մինչեւ 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է գալիք տարվա բյուջեի նախագծով Ստեփանավանի ներառական մանկապարտեզի ֆինանսավորման վերականգնումը:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, առաջարկել վերանայել որոշ հատկացումներ, անդրադարձել մասնավորապես պարտադիր բժշկական ապահովագրության ներմուծմանը, պետպատվերների բաշխմանը, ստվերային շրջանառության վերացմանը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նույն օրը տեղի ունեցած համատեղ նիստում, Վարդեւան Գրիգորյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկվել են գալիք տարվա բյուջեի նախագծով համակարգի համար նախատեսված եկամուտներն ու ծախսերը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը՝ ըստ ոլորտների:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի ներկայացմամբ՝ կառույցին 2019-ին նախատեսվում է հատկացնել 16,631.9 մլն դրամ՝ 2018 թ. տրամադրված 18,082.1 մլն դրամի դիմաց: 2018 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերի նվազումը կազմում է 8 տոկոս, ինչը պայմանավորված է անտառների կառավարման գործառույթը 2019թ. ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցմամբ: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են հիմնականում «Գյուղատնտեսության խթանման ծրագիր», «Բուսաբուծության խթանում եւ բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր», «Անասնաբուժական ծառայություններ» ծրագրերի իրականացմանը:

Նախարարությունը նախատեսում է շարունակել եւ իրականացնել նաեւ արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր, որոնցից են՝ «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» դրամաշնորհային, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» երկրորդ եւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերը: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է պատգամավորների կողմից բարձրացված գյուղացիական տնտեսությունների օգնության խնդրին:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 5,233.8 մլն դրամ: Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիտորինգ», «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանություն», «Անտառների կառավարում», «Բնապահպանական նմուշների պահպանություն եւ ցուցադրություն» ծրագրերի իրականացմանը: Նա անդրադարձել է Սեւանա լճի ջրօգտագործման, ջրի մակարդակի բարձրացման, Խոսրովի անտառի էկոհամակարգի պահպանման խնդիրներին:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով նախարարությանը նախատեսվել է 96,082.6 մլն դրամ, ֆինանսական հարթեցման սկզբունքով համայնքներին կտրամադրվեն ընդհանուր գումարով 51,071.4 մլն դրամի դոտացիաներ, 9,0 մլրդ դրամ ընդհանուր գումարով սուբվենցիաների հատկացում՝ Երեւանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանը աջակցելու համար: Վաչե Տերտերյանն անդրադարձել է Գյումրու քաղաքային ճանապարհների վերանորոգման, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման դրամաշնորհային ծրագրի կատարման, Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցերին:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հայկ Սարգսյանը, ՀՀ մարզպետները ներկայացրել են մայրաքաղաքին եւ մարզերին բյուջեով նախատեսված հատկացումները, ծրագրերը՝ անդրադառնալով առկա խնդիրներին ու դրանց իրատեսական լուծումներին:

«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կամփոփվեն մշտական հանձնաժողովներում, ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ ԱԺ աշխատակազմ:


07.11.2018
Տեղի կունենա քննիչ հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 414 դահլիճում տեղի կունենա ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ: ...

07.11.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Նոյեմբերի 7-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Ռուստամ Մախմուդյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն ...

07.11.2018
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

07.11.2018
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

07.11.2018
Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

07.11.2018
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ուղիղ հեռարձակմանը կարող ...

07.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկին կարող եք ծանոթանալ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am