Տպել
05.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
1 / 8

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համատեղ նիստում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ տեղեկատվության ոլորտներին գալիք տարվա բյուջեի նախագծով հատկացվելիք եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ գալիք տարվա կրթության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցներն ընթացիկ տարվա համեմատ ավելացել են 18 տոկոսով: Մասնավորապես 4,3 մլրդ դրամ ավելի կհատկացվի միջնակարգ կրթությանը: 20,5 մլն դրամով նվազելու է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությանը հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է ոլորտի օպտիմալացմամբ: Ավանդական ծրագրերից բացի նախարարությունը երեք ծրագիր է իրականացնելու մշակույթի նախարարության հետ: Դրանցից մեկի` աբոնեմենտային համակարգի ներդրման արդյունքում շուրջ 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա տարվա ընթացքում այցելել տարբեր մշակութային օջախներ: Դպրոցներում նախատեսվում է որոշ առարկաների բեռնաթափում: Մասամբ լուծվելու է համայնքներում ուսուցչի թափուր աշխատատեղերի խնդիրը` հեռակա ուսուցում կազմակերպելով: Պատգամավորները հետաքրքրվեցին, թե արդյոք նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, ինչին նախարարի պաշտոնակատարը բացասական պատասխան է տվել` հավելելով, որ որոշ փոփոխություն կլինի` պայմանավորված եկամտահարկի նվազեցմամբ:

Արայիկ Հարությունյանը խոսել է նաեւ դասագրքերի փոփոխության եւ դրանց որակի մասին? նշելով, որ առաջիկայում նախարարությունը կազմակերպելու է հանրային քննարկումներ: Դրանց արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ տարի տպագրվելիք դասագրքերը կազմելիս: Մեկ այլ ծրագրի կատարմամբ մտադրություն կա աշակերտների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ: Նա կարեւորել է ուսուցիչների վերապատրաստման հարցը եւ տեղեկացրել, որ այդ նպատակի համար գալիք տարի կօգտագործվի 860 մլն դրամ:

Գիտության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները եւս գրեթե չեն փոխվել. Նախարարի պաշտոնակատարի խոսքով` այս բյուջեն իներցիոն է, պետք է քայլեր անել, որպեսզի եւ ոլորտն օպտիմալանա, եւ արդյունքներ լինեն:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ ոլորտին գալիք տարի նախատեսվում է հատկացնել փոքր-ինչ ավելի գումար, քան այս տարի:

Կինեմատոգրաֆիայի ոլորտին կհատկացվի 824,8 մլն դրամ, մշակութային ժառանգության պահպանման ծրագրի իրականացման համար` 3,087 մլն դրամ, գրքի եւ գրչության ծրագրին` 1,748,6 մլն դրամ, արվեստների ծրագրին` շուրջ 7,7 մլն դրամ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն ասել է, որ նախարարությանը կհատկացվի 3,682,6 մլն դրամ, ինչն այս տարվա համեմատ ավելի է 5,7 տոկոսով: Ավելացել է «Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի համար հատկացվելիք գումարը՝ կազմելով 1,996,3 մլն դրամ՝ ընթացիկ տարվա 1,723,0 դրամի դիմաց:

Երիտասարդության ծրագրի համար կհատկացվի 982,9 մլն դրամ, որն ընթացիկ տարվա համեմատ ավել է 53,2 մլն դրամով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը տեղեկացրել է, որ կառույցին հատկացվելու է 315 մլն դրամ, թեեւ ներկայացվել էր 271 մլն դրամի հայտ: Ավելացված գումարն ուղղվելու է աշխատակիցների պարգեւատրման ֆոնդին:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը նշել է, որ հատկացվելիք ֆինանսական միջոցներն ընթացիկ տարվա համեմատ գրեթե չեն փոխվել: Նրա խոսքով՝ գալիք տարում Հանրային հեռուստառադիոընկերությունը նախատեսում է ավելացնել նոր եւ հետաքրքիր հաղորդումների թիվը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...