Տպել
03.11.2018
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 26 երկրից: ՀՀ ԱԺ նախագահն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին:

«Հարգելի՛ կազմակերպիչներ եւ մասնակիցներ,

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երեւանում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի մտավոր խաղի աշխարհի առաջնությանը:

Առաջնությունը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մեզ համար պատիվ է հյուրընկալել այնպիսի հետաքրքիր, բազմակողմանի զարգացած հյուրեր, որոնք իրենց օրինակով ներշնչում եւ դրդում են երիտասարդ սերնդին գիտելիքներ ձեռք բերել:

Այսօր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը շատ տարածված է մեր երկրի երիտասարդ մտավորականության շրջանում: Հայ գիտակները մեծ հաջողության են հասնում ոչ միայն երկրում, այլեւ նրա սահմաններից դուրս: Այս տարի, նրանցից մեկը` Հայկ Ղազազյանը, ով խաղացել էր Ելենա Պոտանինայի թիմում, ճանաչվել է գարնանային խաղաշրջանի լավագույն խաղացող:

Խաղը հայտնի է նաեւ քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես արդեն գիտեք, մի քանի տարի առաջ ստեղծվեց պատգամավորների թիմը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնության անցկացումը Երեւանում ուշագրավ է նրանով, որ այս տարի մեր մայրաքաղաքը նշեց իր 2800-ամյակը, որը, իմ կարծիքով, միջոցառմանը հաղորդում է ավելի մեծ նշանակություն:

Հայ ժողովուրդը հատուկ հարգանք ունի գիտելիքների, ուսման եւ այն ամենի նկատմամբ, ինչը նպաստում է դրանց կուտակմանը եւ տարածմանը: Ինչպես գիտեք, Հայաստանում ինտելեկտուալ շարժումն ունի խոր արմատներ: Պատճառը, թերեւս, այն է, որ իր ողջ պատմության ընթացքում արժեքներից, որոնք հաջողվել է պահպանել եւ անցկացնել դարերի միջով, եղել են գիտելիքը, հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը:

Եվ այսօր Հայաստանի առջեւ կանգնած առաջնային խնդիրը մարդկային ներուժի զարգացումն է, որը մեր երկրի մրցունակային առավելությունն է:

Հարգելի՛ հյուրեր,

ձեզանից շատերը Հայաստանում առաջին անգամը չեն, եւ ես հուսով եմ, որ ձեզ հետ շատ դրական հույզեր, վառ տպավորություններ կտանեք ու անպայման կցանկանաք վերադառնալ մեզ մոտ:

Թույլ տվեք կրկին ողջունել առաջնության բոլոր հյուրերին եւ թիմերին մեր ջերմ, հյուրընկալ հողի վրա եւ մաղթել հետաքրքիր խաղեր, լավ տրամադրություն եւ հաջողություն:

Բարի երթ»:

Ազգային ժողովի նախագահի անունից հաղթող թիմին կտրվի «Էջմիածնի գանձեր» եռալեզու գիրքը:

Իր խոսքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջնության համանախագահ Արմեն Աշոտյանը երախտագիտություն է հայտնել ինտելեկտուալ խաղի միջազգային ասոցիացիային աշխարհի առաջնությունն արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացնելու համար: Նրա խոսքով՝ սա մի յուրահատուկ նվեր է մայրաքաղաք Երեւանի 2800-ամյա հոբելյանին:


03.11.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, նոր մասնաշենքի 414 դահլիճում տեղի կունենա ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: ...

03.11.2018
Խորհրդարանը շարունակել է պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գեւորգ Կոստանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի...