Տպել
02.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:

Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները եւ Հայաստան բերում մարզաշխարհի ոսկե պարգեւները: Հիմա դժվար է հաշվել, թե նրա փառահեղ հաղթանակների շնորհիվ համաշխարհային մարզական հարթակներում քանի անգամ են հնչել Հայաստան ու Երեւան բառերը եւ մեզ պարգեւել բերկրանքի ու ազգային հպարտության պահեր:

Յուրի Վարդանյանը ոչ միայն բոլոր ժամանակների մեծագույն հայ ծանրորդն էր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի եւ Խորհրդային Միության բազմակի չեմպիոն, այլեւ հայ ժողովրդի հոգսերով ապրող հասարակական գործիչ, ով ընտրվեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, հետո շուրջ մեկ տասնամյակ բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցրեց Հայաստանի Հանրապետությունում:

Բոլորիս համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի հարազատներին ու մերձավորներին, ողջ հայ մարզաշխարհին եւ կիսում նրանց անփարատելի վիշտը»,-ասված է ՀՀ խորհրդարանի ղեկավարի ուղերձում:


02.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Խոսրով Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են Հ...

02.11.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստ
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով...

02.11.2018
Արա Բաբլոյանի ուղերձն Ազգային ժողովի արձակման կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից եւ երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հ...