Տպել
27.10.2018
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստում ընդունվել է եզրափակիչ հայտարարություն

(Ոչ պաշտոնական թարգմանություն)

Մեկնարկային հանդիպում

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստ

24 հոկտեմբերի, 2018 թ. Ստրասբուրգ

Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ

Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365-րդ հոդվածի

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի մեկնարկային /ԽԳԸ/ 1-ին նիստը ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի եւ Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում: ՀՀ կառավարության անունից հանդես եկավ Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, իսկ Եվրոպական միության անունից՝ Լյուկ Դեվինյը եւ Եվրոպական հանձնաժողովի անունից՝ Վասիլիս Մարագոսը:

Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն համաձայնության է եկել հետեւյալ հայտարարության եւ առաջարկությունների շուրջ:

Խորհրդարանական գործընկերության կոմիտեն

1. Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի կարեւորագույն դերը ժողովրդավարական լեգիտիմության հիման վրա Արեւելյան գործընկերության դինամիկայի զարգացման գործում,

2. վկայակոչում է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի ստորագրումը (այսուհետ՝ CEPA), 2017 թ. նոյեմբերի 24-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, որպես ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների երկկողմ պատմության կարեւորագույն փուլ,

3. ընդգծում է, որ CEPA-ն հիմնված է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համատեղ հանձնառության վրա: Ընդգծում է, որ CEPA-ն հաստատուն իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության աշխուժացման համար, ընդլայնում է տնտեսական, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության եւ կլիմայական փոփոխության ոլորտներում աշխատանքի շրջանակը, առեւտրի եւ ներդրումների ոլորտում ստեղծում է հնարավորությունների նոր դաշտ եւ ճանապարհ է հարթում քաղաքացիների օգտին շարժունակության ակտիվացման համար,

4. գոհունակությամբ նշում է, որ 2018 թ. ապրիլի 11-ին ՀՀ Հայաստանի Ազգային ժողովը միաձայն վավերացրեց CEPA- ն եւ հայկական կողմը 2018 թվականի հունիսի 1-ի սկսեց միակողմանիորեն կիրառել հոդվածների մեծ մասը, չնայած այն հանգամանքին, որ կառավարության կազմը փոխվեց: Խրախուսում է Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել ներկայումս նախապատրաստման փուլում գտնվող CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզը,

5. վկայակոչում է, որ մինչ օրս CEPA- ն վավերացրել են Եվրամիության հինգ անդամ պետություններ: Խրախուսում է ԵՄ մնացած բոլոր անդամ պետություններին այն վավերացնել առանց անհարկի ձգձգման: Գոհունակությամբ նշում է, որ 2018 թ. հուլիսի 4-ին Եվրախորհրդարանի անդամները CEPA- ի վերաբերյալ տվել են իրենց սկզբունքային համաձայնությունը,

6. ընդգծում է նոր ստեղծված Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի դերը, որը նոր լիցք կհաղորդի Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցությանը CEPA-ի 365-րդ հոդվածի համաձայն` այսպիսով աջակցելով գործադիր մակարդակում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի ստեղծմանը,

7. ընդգծում է, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ նման հեռանկարային համաձայնագրի ստորագրումը միանշանակորեն ցույց է տալիս, որ ԵՄ Արեւելյան գործընկերները ոչ մի կերպ պարտավորված չեն ընտրություն կատարել իրենց եվրոպական ձգտումների եւ այլ գործընկերների միջեւ, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ,

8. գոհունակություն է հայտնում քաղաքական բոլոր ուժերին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «թավշյա հեղափոխության» ընթացքում զսպվածության եւ պատասխանատվության դրսեւորման համար, որը հանգեցրեց խաղաղ իշխանափոխության, Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրության եւ 2018 թվականի գարնանը նոր կառավարության կազմավորման: Վկայակոչում է, որ խորհրդարանի անկախությունը համընդհանուր եւ հիմնարար իրավունք է, որը պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով՝ օրենքին համապատասխան,

9. կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին ներքին քաղաքական դաշտում հետագայում եւս ցուցաբերել զսպվածություն ցանկացած արհեստական ճնշումներից խուսափելու համար, եւ ձեռնպահ մնալ ատելություն, անհանդուրժողականություն եւ բռնություն քարոզելուց, որպեսզի չխաթարվի երկրի ժողովրդավարական կայունությունը եւ հայ հասարակության միասնականությունը: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին երաշավորել հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժողովրդավար անցկացումը արդար եւ թափանցիկ եւ ստեղծել արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար, նրանց հնարավորություն տալով խաղաղ անցկացնել իրենց նախընտրական արշավը: Նշում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է գործի Սահմանադրության շրջանակներում: Վկայակոչում է Սահմանադրության համաձայն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման կարեւորությունը,

10. ողջունում է բարեփոխումների հավակնոտ ծրագիրը, որի մասին հայտարարել է ՀՀ նոր ձեւավորված կառավարությունը՝ նպատակ ունենալով ձերբազատվել երկիրը քայքայող քաղաքական, տնտեսական սոցիալական խնդիրներից,

11. դրականորեն նշում է, որ վերը նշված ծրագիրը հատկապես կարեւորում է չհիմնավորված մենաշնորհների վերացումը, հասարակական կյանքում քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը, կոռուպցիայի բոլոր դրսեւորումների բացառումը, թափանցիկ եւ մերիտոկրատ հանրային ծառայությունների խթանումը, իրավապահ մարմինների արդյունավետ վերահսկողությունը, դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ վերականգնվող էներգիայի կայուն զարգացումը,

12. ողջունում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված առաջին քայլերը, որոնք ուղղված են այս հարցերի լուծմանը, մասնավորապես, վերջին շրջանում կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ ձեռնարկված միջոցառումները՝ որպես կոռուպցիայի հաղթահարման իրենց վճռականության ապացույց: Այնուամենայնիվ, պնդում է, որ կաշառակերության դեպքերի բացահայտումները պետք է զուգորդվեն բացառապես օրենքի գերակայության պահպանմամբ, գողացված ակտիվների վերադարձման նպատակով, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությամբ,

13. ընդունում է, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մանրակրկիտ ու երկարատեւ իրականացմամբ եւ ԵՄ ֆինանսական ու տեխնիկական աջակցության պատշաճ մակարդակի հետ զուգորդմամբ հնարավոր է դիմակայել բոլոր սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որոնց Հայաստանը առերեսվել է,

14. վկայակոչում է, որ ԵՄ-ն 2017-2020 թվականների միասնական աջակցության շրջանակներում արդեն նախատեսել է տրամադրել 160մլն եվրոյի երկկողմ ֆինանսական աջակցություն ուղղված այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսական զարգացումը եւ նորարարությունը, իրավունքի գերակայությունն ու գործարար միջավայրը, ընտրությունների աջակցությունը, փոխգործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, բնապահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը,

15. հաշվի է առնում, որ ԵՄ օժանդակությունը պետք է արտացոլի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նպատակները, պայմանով, որ Հայաստանը համապատասխանի ներկայացվող պահանջներին, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետ համատեղ համաձայնեցված բարեփոխումներին՝ տարբերակման եւ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համապատասխան: Քաջալերում է Եվրոպական հանձնաժողովին ընդլայնել հետագա աջակցությունը եւ համատեղել իր բյուջետային գործիքները՝ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության հավակնություններին համապատասխանելու նպատակով,

16. շեշտում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումների քայլերով եւ դրանց արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես` իրավունքի գերակայության պահպանմամբ, լավ կառավարման ապահովմամբ, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծության եւ ազատության ոլորտներում: Հիշեցնում է, որ ԵՄ-ի կողմից խրախուսման վրա հիմնված մոտեցման նպատակը իրական, հավակնոտ բարեփոխումների մեջ առավել ներգրավված Արեւելյան գործընկերներին օգուտ տալն է,

17. կոչ է անում ավելի սերտ համագործակցություն էներգետիկ անվտանգության ու արդյունավետության բարելավման համար՝ փոխկապակցվածության ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոցով, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի ավելացմամբ եւ հանածո վառելիքից կախվածության նվազեցմամբ: Ընդգծում է միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության միջազգային համաձայնագրերի եւ պարտավորությունների լիարժեք հարգանքի ապահովման կարեւորությունը,

18. խրախուսում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը COSME եւ Հորիզոն 2020 ծրագրերին, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտներում Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին, միջսահմանային համագործակցության գործողություններում եւ Արեւելյան բոլոր գործընկերների համար բաց նախաձեռնություններին, ինչպիսիք են Erasmus +, Erasmus Mundus, eTwinning Plus, TAIEX, SIGMA եւ հարեւանության ներդրումային հիմնադրամը,

19. կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին թույլ տալ Հայաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ-ի կողմից աջակցություն ստացող ծրագրերին, որոնք բաց են ԵՄ ոչ անդամ պետությունների համար, եւ ճանապարհ հարթել ԵՄ կառույցներում Հայաստանի մասնակցության համար՝ պայմանների բավարարման դեպքում եւ համապատասխան իրավական շրջանակում,

20. ողջունում է միջանձնյա շփումների ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, այդ թվում` Հայաստանի եւ ԵՄ միջեւ կրթության, երիտասարդության, մշակույթի եւ գիտության ոլորտում փոխանակումների միջոցով: Կոչ է անում ուժեղացնել ներգրավվածությունը կրթության, հետազոտությունների եւ նորարարական համակարգերի արդիականացման, երիտասարդների հմտությունների, ձեռներեցության եւ աշխատունակության բարձրացման ոլորտներում եւ այս կապակցությամբ ողջունում է ԵՄ-ն «Երիտասարդական նախաձեռնությունների համար» ծրագրի շրջանակում ԵՄ կողմից ներկայացված ուժեղացված «Երիտասարդական փաթեթը»,

21. կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին կենտրոնանալ քաղաքացիների համար ակնկալվող արդյունքների վրա, ընդգծում է, որ այս առումով, 2014 թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է: Ակնկալում է համագործակցության ամրապնդում եւ հետագա խորացում շարժունակության ոլորտում՝ անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի քննարկում` լավ կառավարման եւ անվտանգ շարժունակության պայմանների առկայության դեպքում,

22. դրական է գնահատում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների նախաձեռնումը, որն ուղղված է համայնքային իշխանությունների դերի բարձրացմանը եւ որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների հետ ավելի ամուր կապերի ձեւավորմանը,

23. կոչ է անում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից արված բոլոր առաջարկությունները, որոնք վերաբերում են մասնավորապես Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, անհրաժեշտության դեպքում ակնկալել միջազգային հանրության տեխնիկական աջակցությունը, օրինակ, Եվրոպական միության եւ մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից,

24. վկայակոչում է, որ չնայած 2017թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, այդուհանդերձ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի գլխավորած դիտորդական առաքելությունը, որի մաս էր կազմում Եվրոպական խորհրդարանը, հայտնաբերել է որոշ թերություններ, ինչպես օրինակ՝ կայուն ճնշումները, քվեների գնման գործընթացը եւ ընտրատեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչների կամ ոստիկանների անօրինական միջամտությունը: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, օրենսդրական, ինչպես նաեւ այլ միջոցները նման սխալները շտկելու համար,

25. վկայակոչում է գենդերային չափման կարեւորությունը ԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Նշում է, որ գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը եւ կանանց հնարավորությունների մեծացումը 2020թ. ակնկալվող արդյունքների ցանկում են, ինչպես նշվել է 2017թ. նոյեմբերի 24-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, այդ թվում՝ գենդերային բացասական կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով, կանանց եւ տղամարդկանց միջեւ վարձատրության բացը լրացնելու եւ գենդերային հիմքով ոտնձգությունների, ահաբեկման կամ բռնության ցանկացած ձեւի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հայտարարելու միջոցով, համաձայն միջազգային իրավապաշտպան մարմինների առաջարկությունների, ինչպիսին է ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն: Պնդում է, որ ավանդույթները չպետք է խանգարեն կանանց իրավունքների եւ ներուժի իրացմանը,

26. ողջունում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության եւ ընտանեկան ներդաշնակության վերականգնմանն ուղղված օրենքի ընդունումը: Կրկին նշում է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հնարավոր աջակցությունն ու փորձը, որպեսզի օգնի իշխանություններին լավագույնս լուծել ընտանեկան բռնության հետ կապված բոլոր հարցերը: Ողջունում է Կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի («Ստամբուլի կոնվենցիա») հետագա ստորագրումը որպես մեկ այլ կարեւոր ու դրական քայլ,

27. ընդգծում է ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ բանաձեւերի սահմանած խտրականության բոլոր ձեւերը հաղթահարելու եւ դրանք հասցեագրելու համար համապատասխան մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը,

28. իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին ընդունելու եւ ինտեգրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին դրականորեն արձագանքել ինտեգրման դյուրացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության ցանկացած խնդրանքին: Ընդգծում է, որ սիրիացի փախստականների վերաբնակեցումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխան,

29. ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շարունակվող մարդկային կորուստների համար: Խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ընդունում է, որ ներկայիս status quo-ն ոչ ընդունելի է եւ ոչ էլ կայուն, եւ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ,

30. վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում եւ որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար,

31. կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ եւ հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին եւ վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար՝ ներառյալ ապառազմականացման եւ զինաթափման միջոցառումները: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ որին աջակցում է Եվրոպական միությունը եւ Եվրոպական խորհրդարանը,

32. ողջունում է ԵՄ-ի ջանքերն ու ուժեղացված դերը հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում: Այս կապակցությամբ ողջունում է իր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոհիշյալ ջանքերին՝ հակամարտության գոտում վստահության մթնոլորտի եւ խաղաղության ամրապնդման գործունեությանը նպաստելու եւ բոլոր կողմերի քաղաքացիական հասարակությունները միմյանց մերձեցնելու նպատակով,

33. խորապես ափսոսում է, որ միջազգային հանրության կողմից լիակատար աջակցություն ստացած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի նախաձեռնությունը, որն արտացոլված է 2009թ. ցյուրիխյան արձնագրություններում թուրքական կողմը չի վավերացրել եւ դրա համար նախապայմաններ է ներկայացրել՝ շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը,

34. հիշեցնում է, 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշվելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 70 ամյակը: Կոչ է անում բոլոր ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշում է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայում դարձել է բաց եւ հանրային քննարկումների առարկա:


27.10.2018
Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
Հոկտեմբերի 27-ին  լրանում է 1999 թ-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության 19-րդ տարելիցը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշ...

27.10.2018
«Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները խորհրդարանական վերահսկողության համատեքստում» թեմայով սեմինար` Ծաղկաձորում
Հոկտեմբերի 26-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները խորհրդարանական վերահսկողության համատեքստում» թեմայով եռօրյա սեմինար, որի նպատակն է աջակցել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ...

27.10.2018
Արա Բաբլոյանը կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կոր...