National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
23.10.2018
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը, հաստատելով ԱԺ վեցերորորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխության չի ենթարկվել: Նախագիծն ամրագրում է, որ հայտատուն պետական տուրքը կարող է վճարել լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված մեկի փոխարեն:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Այդ թափուր պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրվել է իրավաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Տարասյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին: (Թեկնածուի կենսագրական տվյալներին եւ աշխատանքային գործունեությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում):

Վահե Գրիգորյանը ներկայացրել է ՍԴ դատավորի պաշտոնում գործունեության իր տեսլականը՝ այդ աշխատանքը համարելով չափազանց ծանր եւ պատասխանատու: Թեկնածուն նշել է, որ հիմնականում գործել է մարդու իրավունքների պաշտպանության տիրույթում, որտեղ, նրա գնահատմամբ, առկա են բազմաթիվ խնդիրներ: Վահե Գրիգորյանը կարեւորել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի փոփոխության անհրաժեշտությունն ու Սահմանադրական դատարանի դերն ու նշանակությունը հանրային կյանքում, խոսել դատաիրավական ոլորտում առկա մարտահրավերների մասին:

Թեկնածուն ներկայացրել է նաեւ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ իր կարծիքը՝ նշելով, որ 2015 թվականին իրականացված փոփոխությունները չեն արտացոլում հանրության իրական տեսակետները:

Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հետաքրքրվել է անցումային արդարադատության վերաբերյալ թեկնածուի տեսակետով, ինչպես նաեւ ոլորտում իրականացվող որոշ գործընթացներով:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն անդրադարձել է մեր երկրում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակին: Նա կարծիք է հայտնել, թե դատաիրավական համակարգը տարիներ շարունակ սպասարկել է իշխանության շահերը: Ի՞նչ է պետք անել, որ քաղաքացին հավատա դատաիրավական համակարգի արդարությանը, ՍԴ դատավորի թեկնածուից հետաքրքրվել է խորհրդարանի փոխնախագահը:

Ըստ Հայկ Կոնջորյանի՝ թեկնածուի ելույթն արժանի է դրվատանքի: Պատգամավորի կարծիքով՝ պետական ինստիտուտները պետք է աշխատեն հանրության համար: Զեկուցողը հետաքրքրվել է թեկնածուից՝ ինչպես պետք է լուծել վատ աշխատող դատավորների հարցը:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը, ներկայացնելով ՍԴ անդամի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ քվարկությանը մասնակցել է 53 պատգամավոր: 30 կողմ, 23 դեմ ձայներով Վահե Գրիգորյանը չի ընտրվել ՍԴ անդամ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ձեւավորման՝ նախատեսված ժամկետի վերանայման անհրաժեշտությամբ՝ 2018թ-ի սեպտեմբերի 30-ը փոխարինելով 2019թ-ի մարտի 30-ով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Առաջարկվում է Երեւանի օրը՝ որպես տոն օր, ամրագրել օրենքով եւ այն նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում լրացումն ու առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ հարցն արդեն իսկ կարգավորված է կառավարության որոշմամբ:

Հարակից զեկույցում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, նշել է, որ տեղյակ լինելով կառավարության բացասական դիրքորոշմանը՝ այնուամենայնիվ, հանձաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Գորգիսյանի եւ Հայկ Կոնջորյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ գործող կարգավորմամբ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին պարտապանի մասնակի կատարած պարտավորության մասին, ինչի պարագայում բանկերում շարունակում են արգելադրված մնալ պարտապանի իրական պարտավորության չափը գերազանցող դրամական միջոցները: Առաջարկվող կարգավորմամբ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում նրա հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է դրված արգելանքի չափի մասին: Պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը նրա հաշիվները սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է դրամական միջոցների վրա դրված արգելանքը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, կարեւորելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ նախագծի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը բարձրաձայնել է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետին վերաբերող իր առաջարկը:

Առաջին ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է օրենքով ամրագրել արհեստակցական այնպիսի միություն ստեղծելու հնարավորությունը, որը գործատուից բացարձակապես կախվածություն չունի: Միությունը ստեղծվելու է ոչ թե տվյալ գործատուի գործունեության շրջանակում, այլ ՀՀ-ում ամենատարբեր գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներից: Ստեղծվելու է անկախ արհեստակցական կազմակերպություն, որը որեւէ պարտավորություն չունի որեւէ գործատուի նկատմամբ, անկախ է օրենքով վերապահված լիազորությունների իրականացման հարցում: Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ օրենքի ընդունմամբ ոլորտում կստեղծվի մրցակցային դաշտ:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ այն արհեստակցական միությունների գործունեության ոլորտը ընդլայնող նախագիծ է:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իրենք առաջադրել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Առաջին ընթերցումով է քննարկվել նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը : Օրինագծի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է գիտամանկավարժական գործունեությունն ընտրովի քաղաքական պաշտոնների հետ համատեղողներին չզրկել իրենց աշխատանքն օրենսգրքի պայմաններին համապատասխան իրականացնելու իրավաբանական հնարավորությունից:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրել է կառավարության առաջարկը, որով նախատեվում է նախագծում ներառել ոչ միայն ընտրովի քաղաքական պաշտոնները, այլեւ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորություն տալ նաեւ համատեղությամբ աշխատանք կատարողներին:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Հակոբ Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովում կարեւորվել է կարգավորման առարկայի ընդլայնումը, որպեսզի այն չտարածվի միայն ընտրովի քաղաքական պաշտոնների վրա:

Առաջին ընթերցմամբ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Գործադիրն առաջարկում է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվում են ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը: Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի եւ այդ լիցենզիան ստանալու նպատակով տրամադրված ջրօգտագործման թույլտվության ժամկետների կարգավորման նպատակով խմբագրվել են օրենսգրքի որոշ դրույթներ: Նախագծի ընդունումը կնպաստի ջրաէկոհամակարգի պահպանությանը եւ հավասարակշռության ապահովմանը:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, ինչպես նաեւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթն ու «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


23.10.2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, անդրադարձ կատարել ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում հարաբերութ...

23.10.2018
Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներում ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության հարցը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն մեր տար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am