Տպել
10.10.2018
«Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման անհնար է խուսափել նոր ոճրագործություններից». Էդուարդ Շարմազանովը` Թուրքիային
1 / 1

Հոկտեմբերի 9-ին Անթալիայում տեղի է ունեցել  Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է.

«Հարգելի նախագահող,
տիկնայք եւ պարոնայք,

առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների խոսնակներին` այս միջոցառումը նախաձեռնելու եւ ամենամեծ մայրցամաքի երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների միջեւ երկխոսության հարթակ ստեղծելուն ուղղված ջանքերի համար: Միջխորհրդարանական համագործակցության այս ձեւաչափը կարճ ժամանակում ապացուցեց իր արդիականությունն ու կարեւորությունը:

Լինելով հնագույն մշակույթների եւ քաղաքակրթությունների ծննդավայր` եվրասիական տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի: Անհրաժեշտ է մեծացնել մայրցամաքի երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, հազարավոր տարիների ընթացքում կապող օղակ է հանդիսացել աշխարհի երկու մասերի միջեւ: Այսօր Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է: Մենք մեծապես կարեւորում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության զարգացումը շահագրգիռ երկրների եւ հիմնական ինտեգրացիոն միավորումների հետ: Այսպիսով, անցյալ տարի Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք հիմք ենք ընդունում, որ մեկ ինտեգրացիոն համայնքում անդամակցությունը չպետք է սահմանափակի անդամների` այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորությունը` հաշվի առնելով բոլոր պարտավորությունների կատարումը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս առումով շրջափակումը եւ փակ սահմանները անբնական եւ անընդունելի խոչընդոտներ են երկկողմ եւ բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին:

Ցավոք, Թուրքիան, երկիր, որը կազմակերպել է նման կարեւոր եւ ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին առանց նախապայմանների: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է:

Ցավոք, այսօր մեր տարածաշրջանն այնպիսի մարտահրավերների առջեւ է, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունն ու այլատյացությունը:

Այս տարի աշխարհը նշում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Հայոց ցեղասպանությունը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ճանաչել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ ամեն տարի աճում է այդ երկրների ու կազմակերպությունների թիվը: Ես` որպես Ցեղասպանությունից փրկված ժողովրդի ժառանգորդ, այս ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարում եմ, որ առանց նախկին հանցագործությունների ճանաչման, հնարավոր չէ խուսափել նոր հանցագործություններից:

Հարգելի գործընկերներ,

Եվրասիայի կայուն զարգացումը հնարավոր է միայն անվտանգ միջավայրում: Բայց Եվրասիայում գոյություն ունեն շրջաններ, որոնք ներգրավված են հակամարտություններում եւ երկարատեւ խաղաղության վերականգնումը մեծ ջանքեր ու կամք է պահանջում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ մեր տարածաշրջանի կարեւորագույն հարցերից մեկը: Ադրբեջանի կողմից որպես արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարություն ընտրված ռազմատենչ հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են անվտանգության եւ կայունության հիմքերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ մայրցամաքում:

Հայաստանը կողմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, պետությունների տարածքային ամբողջականության հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտություն չէ, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, այլ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Հակամարտության լուծումն առանց այդ իրավունքի լիարժեք իրացման անհնար է:

Անդրադառնալով համաժողովի օրակարգին` կցանկանայի նշել, որ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության եւ զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը:

Վերջում մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հանդիպումը կազմակերպելու համար եւ հաստատում 2020 թվականին համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի պատրաստակամությունը»:
 


10.10.2018
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանը եւ Արա Բաբլոյանը
Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Կողմերը մասնավորապես վերահաստ...

10.10.2018
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Ռուսաստան եւ Շվեյցարիա
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139...

10.10.2018
Արա Բաբլոյանը հանդիպել է ՖԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը  հոկտեմբերի 9-ին  հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Երեւանում գտնվող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Շանյոնի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր   ՖԽՎ խորհրդարանակ...