Տպել
08.10.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:

Արա Բաբլոյանի խոսքով՝ երկկողմ համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց հունով է զարգացել, ինչը բխել է երկու երկրների շահերից. հետեւողական եւ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ ձգալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական կապերը, որոնք վերջին շրջանում բավականին ակտիվ են եղել:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ներհայաստանյան վերջին իրադարձություններին: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ միջազգային հանդիպումների ժամանակ ինքը՝ որպես ՀՀ ԱԺ նախագահ, երկրում տնտեսության եւ ժողովրդավարության առավել ամրապնդման  նպատակով մշտապես գործընկերներին հորդորում է օժանդակել Հայաստանի նոր կառավարությանը:

«Պետք է շարունակենք ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանն ընթանա ժողովրդավարական ճանապարհով, բոլոր հարցերը լուծում ստանան քաղաքական երկխոսության, բանակցությունների ու քննարկումների մթնոլորտում՝ երկիրը զերծ պահելով հնարավոր ցնցումներից»,-նշել է ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը: Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի այս դիրքորոշումը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասել է. «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունն իմ պաշտոնավարման տարիներին: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կշարունակի աջակցել հայ ժողովրդին ամուր եւ անկախ խորհրդարանի կայացման գործում»:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...