Տպել
05.10.2018
Բիշքեկում աշխատանքն է ավարտել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
1 / 1

Հոկտեմբերի 5-ին Բիշքեկում աշխատանքն է շարունակել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը:

Տեղի է ունեցել մշտական կոմիտեի նիստ, որի ընթացքում վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին տեղեկատվություն է ներկայացրել իր գործունեության մասին, անդրադարձել նաեւ ՀՀ կատարած այցելությանը՝ նշելով այցի ընթացքում քննարկված բազմաթիվ հարցերը, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը: «Ես ուրախ էի տեսնել ընտրական եւ առհասարակ օրենսդրությունը բարեփոխելու ընդհանուր քաղաքական կամք: Հուսով եմ, որ այդ փոխհամաձայնությունը տեղի կունենա»,-ասել է Գեորգի Ծերեթելին: Նա կարեւորել է Հայաստանում կատարվող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը: Վեհաժողովի նախագահն ընդգծել է իր հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի հետ: Երեւանի պետական համալսարանի ուսանողության հետ հանդիպումը հնարավորություն է տվել նրան հասկանալու, թե ինչ են մտածում հայ երիտասարդները վաղվա օրվա մասին:

Նախագահ Գեորգի Ծերեթելին ընդգծել է, որ պատրաստակամ է առաջ մղել խորհրդարանական ժողովրդավարությունը եւ դիվանագիտությունը:

Վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւս անդրադառնալով Գեորգի Ծերեթելիի՝ Հայաստան կատարած այցին, նշել է, որ վերջին 7 տարիների ընթացքում այն առաջին էր: Այդ ընթացքում ԽՎ նախագահը հանդիպել է նաեւ ԽՎ-ում հայկական պատվիրակության, խմբակցությունների ղեկավարների եւ ԱԳ նախարարի հետ, տեղի են ունեցել հետաքրքիր եւ օգտակար բանավեճեր ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի հետագա համագործակցության շրջանակում:

Խոսելով վեհաժողովի գործունեության եւ օրակարգային հարցերի մասին՝ Հերմինե Նաղդալյանն ասել է. «Մենք կուզենայինք, որ ԽՎ-ն ավելի ակտիվ լիներ ցեղասպանությունների դեմ պայքարի հարցերում, քանի որ հիմա կառույցը բավականին հեռու է այլ միջազգային կազմակերպությունների ջանքերից: Կցանկանայինք, որ Հարավային Կովկասում վեհաժողովի ղեկավարության ակտիվությունը տարածվի նաեւ Հայաստանում կատարվող մարդու իրավունքների, հանդուրժողականության, խտրականության եւ մարդկության դեմ հանցագործությունների պայքարի միջոցառումների վրա»:

Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչն անդրադարձել է ԼՂ հակամարտություն կարգավորմանը՝ նշելով որ բանակցություններն ըստ էության ընդհատված են: Նա նշել է, որ ՀՀ նոր ղեկավարությունը ձգտում է հնի նման ձգտում է Արցախը ներգրավել բանակցություններում: Նա հույս է հայտնել, որ ԽՎ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակվելուց հետո հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկման առարկա կդառնան: Հայկական կողմին ուղղված մեղադրանքներ են հնչել՝ օկուպացիա, փախստականներ, միջազգային իրավունքի նորմերի խախտում, տարածքային ամբողջականության հարց եւ այլն:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում անդրադարձել է հնչած մեղադրանքներին՝ ընդգծելով, որ ԼՂ ժողովրդի պայքարը ինքնորոշման եւ կյանքի իրավունքի պայքար է:

«ԼՂ ժողովուրդն իր հողի վրա ապրելու եւ իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու խնդիր է դրել, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հավասարազոր սկզբունքներից մեկն է: ԼՂ ժողովուրդն ինքնորոշման մասին հանրաքվե է անցկացնել միջազգային օրենքներին եւ նորմերին համապատասխան: ԵԱՀԿ ՄԽ-ն միջազգային միակ համաձայնեցված մանդատ ունեցող ձեւաչափն է ԼՂ հակամարտության խնդրով: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները հակամարտության կարգավորման ուղղությամբ իրենց գործունեությունը պետք է սկսեն եւ իրականացնեն հենց ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպումներից եւ շփումներից: Լավագույն ներդրումը հակամարտության կարգավորման գործում կատարում է ԼՂ ժողովուրդը, ով խաղաղ ժողովրդավարական ճանապարհով կառուցում է իր պետությունը»,-ընդգծել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

ԽՎ նախագահը նշել է, որ կա միջազգային բանակցային ձեւաչափ, առկա են միջազգային փաստաթղթեր եւ կառույցի գործունեությանը պետք է համապատասխանի դրանց:

Քննարկվել են օրակարգային այլ հարցեր եւս:

Մշտական կոմիտեի նիստից հետո տեղի է ունեցել գենդերային հարցերին առնչվող միջոցառումը, որը կազմակերպել էր Ղրղզստանի խորհրդարանի Կանանց ֆորումը: Քննարկվել են գենդերային հավասարության խնդիրները: Այս ուղղությամբ մեր Հայաստանում կատարվող աշխատանքները ներկայացրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի երրորդ նիստը՝ «Քաղաքացիների մասնակցությունն անվտանգ հասարակությունների ստեղծման գործում» խորագրով:

Սպառելով օրակարգը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը:

Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա Վիեննայում՝ 2019թ. փետրվարին:


05.10.2018
Արա Բաբլոյանը կմասնակցի ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի շրջանակում անցկացվող միջոցառումների
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունից հոկտեմբերի 9-ին կտրվի պաշտոնական ընթրիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եւ գագաթաժողովին մասնակից պետությունների պատվ...

05.10.2018
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լ...

05.10.2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ
«Սիրելի ուսուցիչներ, հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի եւ մեծ վաստակի առջեւ ու մաղ...