National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.10.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին
1 / 3

Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը: Քննարկվել է «Անվտանգության երկխոսությանն աջակցությունը Կենտրոնական Ասիայում եւ ԵԱՀԿ տարածաշրջանում» թեման:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ Արման Սաղաթելյանը:

Առաջին նիստում քննարկվել է «Պայքար նոր մարտահրավերների ու վտանգների դեմ սահմանամերձ շրջաններում վստահության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման միջոցով» թեման:

ՀՀ խորհրդարանականներն իրենց ելույթներում եւս մեկ անգամ ընդգծել են, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երկրների զգալի մասի կամքին հակառակ, նախաձեռնեց եւ իրագործեց թե՛ Բաքվի եւ թե՛ Երեւանի ԵԱՀԿ գրասենյակների փակումը, ինչն իր հերթին սահմանափակել է հակամարտության կարգավորման եւ սահմանային անվտանգությանն աջակցելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը:

Քննարկման ընթացքում բաց բանավեճի ձեւաչափում տեսակետներ են հայտնել ԵԱՀԿ անդամ երկրների՝ Կանադայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ այլ երկրների պատվիրակներ՝ անդրադառնալով մերձսահմանային ու տարածաշրջանային վտանգներին եւ ԵԱՀԿ-ի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ երկրների միջեւ անվտանգության վերականգնման հնարավորություններին:

Հերմինե Նաղդալյանն իր ելույթում Կենտրոնական Ասիայի երկրներում տարածաշրջանային անվտանգության խորացման ու ամրապնդման գործում բարձր է գնահատել ԵԱՀԿ տարածաշրջանային առաքելությունների կողմից կատարվող աշխատանքը: Նա տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման հարցում կարեւորել է Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքական ղեկավարությունների նախաձեռնությունները: Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը՝ նշելով, որ տարածաշրջանի վերջին լայնամասշտաբ առաքելության փակումը ԵԱՀԿ պարտավորությունների կատարման համատեքստում ոչ միայն մեկուսացրեց Հայաստանը ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունից, այլեւ էականորեն սահմանափակեց տեղական առաքելությունների ներդրումը, այդ հարցում երկրների ու հասարակությունների կողմից սահմանի երկու կողմերում կատարվելիք հնարավոր աշխատանքը:

ԱԺ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ Հայաստանը, հանձնառու լինելով ԵԱՀԿ իր պարտավորությունների կատարմանը, կառույցի քարտուղարության հետ համատեղ մշակել է «Հայաստանի համագործակցության ծրագիրը», որը ներառում է փակված գրասենյակի գործունեության գլխավոր ուղղությունները: «Դա վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք շարունակելու ԵԱՀԿ-ի հետ կառուցողական եւ դրական համագործակցությունը»,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:

Նա անվտանգության հարցերի լուծման հարցում ընդգծել է ԵԱՀԿ գործիքների արդյունավետ կիրառումը, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, անվտանգության եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, սահմանների վերահսկողությունը եւ այլն: Այդ համատեքստում նա եւս մեկ անգամ բարձրաձայնել է, որ զինադադարի խախտումների եւ անվտանգության վերականգնման նպատակով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումները դեռեւս իրագործված չեն, ինչը կարեւոր գրավական է Բիշքեկում 1994 թ. ԼՂ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրված եռակողմ զինադադարի պայմանագրի կատարման եւ պահպանման համար:

Արման Սաղաթելյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ առաքելությունների մանդատը կարող է կարեւորագույն դերակատարություն ունենալ, եւ մեր երկիրը մշտապես աջակցելու է այդ մանդատի ընդլայմանը: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի հարեւան պետություններն Արեւմուտքում եւ Արեւելքում գործում են՝ ընտրելով ոչ կառուցողական միջոցներ՝ տրանսպորտային շրջափակում, թշնամական եւ ագրեսիվ հռետորաբանության, պետական քաղաքականության մակարդակի հասցված այլատյացություն եւ արմենոֆոբիա:

Նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվել է «Կենտրոնական Ասիայի եւ միջերկրածովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության՝ միգրացիայի, առեւտրի եւ շրջակա միջավայրի խնդիրները» թեման:

Անդրադարձ է եղել փախստականների խնդիրներին, տնտեսական զարգացումներին, կլիմայական փոփոխություններին, կիբերանվտանգությանը եւ տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերին:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արման Սաղաթելյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ իրավիճակը փախստականների, հատկապես Սիրիայից ներգաղթածների ընդունման հարցում՝ նշելով, որ լինելով ոչ հզոր տնտեսական հնարավորություններ ունեցող երկիր՝ Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում: Նրանցից շուրջ 20 հազարը ստացել են քաղաքացիություն, քաղաքական, սոցիալական, տնտեսական աջակցություն եւ ինտեգրվել մեր հասարակության մեջ:

Արման Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ-ի ցուցաբերած մարդասիրական օգնությանը, Հալեպում մեր հյուպատոսության անխափան աշխատանքին՝ որպես պատերազմի ընթացքում մի քանի անգամ Սիրիա այցելած ականատես ներկայացնելով նաեւ իր ունեցած տեղեկատվությունը: Նա ընդգծել է այն միտքը, որ տարանցիկ երկրները պետք է ապահովեն միգրանտների անվտանգությունը՝ ապահովելով նրանց ամբողջական պաշտպանությունը բռնությունից՝ անկախ էթնիկ կամ կրոնական ծագումից: Արման Սաղաթելյանն անընդունելի է համարել այն հանգամանքը, որ միգրանտները եւ փախստականները երկրների միջեւ դառնան առեւտրի կամ բանակցության առարկա:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ադրբեջանցի պատվիրակների կողմից մինչ այդ հնչեցրած տրանսպորտային միջանցքների վերաբերյալ տեղեկատվությանը՝ նշելով, որ միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ նախաձեռնությունները պետք է նպաստեն ԵԱՀԿ տարածաշրջանի համընդհանուր եւ անբաժանելի անվտանգության ապահովմանն ու համահունչ լինեն ԵԱՀԿ մեր պարտավորություններին:

«Եթե նման նախաձեռնությունները կամ նախագծերը ընդգրկուն չեն կամ ուղղված են բաժանարար գծերի խորացմանը, ապա պետք է իրավական ուժ չունենան մեր կազմակերպության համար, դրանք հակասում են նրա արժեքներին եւ համապարփակ անվտանգության հայեցակարգին»,-ասել է Հերմինե Նաղդալյանը:

Նա հիշեցրել է ԵԱՀԿ նախարարների կոմիտեի՝ արդյունավետ կառավարման եւ կապակցվածության մասին Համբուրգյան որոշումը, որտեղ տրանսպորտային խնդիրներին եւ առեւտրին նպաստելու միջոցով կապերի հաստատումը տնտեսական համագործակցության կարեւոր մաս է հռչակված: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը պետք է հիմնվի համերաշխության, թափանցիկության, հավասար իրավունքների եւ ոչ խտրական գործընկերության վրա:

«Եթե տնտեսական ոլորտում գործողությունները բացասական ներգործություն ունենան անդամ այլ երկրների վրա, պետք է ձգտենք նվազագույնի հասցնել այդ ազդեցությունը: Խոսքը գնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի մասին: Բացասական օրինակը նույնպես օրինակ է: Այդ նախագծերը մշակվել են մեկ նպատակով՝ խորացնել իմ երկրի մեկուսացումը, բայց դրա փոխարեն ընդամենը խորացրել է անկայունությունը եւ անվստահությունը մեր տարածաշրջանում»,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:


04.10.2018
Քննարկվել է «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցը
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ պատրաստած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման վերլուծություն» զեկույցի քննարկում: Ներկայացված արդյունքները հիմնված են 201...

04.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 11-14-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվի Հ...

04.10.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am