Տպել
01.10.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ: Ըստ այդմ, պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնները նշված են օրենքում,  պարտավոր կլինեն  ներկայանալ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին եւ տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին նաեւ այն դեպքերում, եթե   ազատվել են  զբաղեցրած  պաշտոններից:

Նիստում ընդունվեց եւս մեկ առաջարկ, որով լրացում է նախատեսվում կատարել  «ԱԺ կանոնակարգ« օրենքի 50-րդ եւ 51-րդ հոդվածներում. ԱԺ  նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում  պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով: Նիստերը կշարունակվեն  խոչընդոտները վերանալուց հետո:

Նախագիծը լրամշակվելուց հետո կընդգրկվի ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: