Տպել
13.09.2018
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կայցելի Շոտլանդիայի խորհրդարան եւ Ուելսի Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-21-ը ճանաչողական այցով կմեկնի Շոտլանդիայի խորհրդարան եւ Ուելսի Ազգային ժողով:

Այցն իրականացվում է զարգացման գերմանական համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ եւ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրով՝ բրիտանական «Ուեսթմինսթեր հիմնադրամ հանուն ժողովրդավարության» կազմակերպության աջակցությամբ:

Այցի նպատակն է ուժեղացնել Հայաստանի Ազգային ժողովի կարողությունները հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման ոլորտում, ինչպես նաեւ հանրային ֆինանսների խելամիտ օգտագործման եւ քաղաքացիներին բարձորակ ծառայության մատուցման հարցերում: Այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու հետեւյալ ոլորտներում բրիտանական փորձին՝ խորհրդարան-բարձրագույն աուդիտորական մարմին հարաբերություններին, խորհրդարանական հանրային հաշիվներին, հետօրենսդրական վերահսկողությանը եւ բյուջետային գրասենյակների գործունեությանը:

Պատվիրակության կազմում են ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության, ԱԺ բյուջետային գրասենյակի եւ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: