Տպել
13.09.2018
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի՝ երեկ տեղի ունեցած ընտրության արդյունքները:

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Արման Դիլանյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել է 88-ը, թեկնածուին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 7-ը: Այսպիսով, Արման Դիլանյանն ընտրվել է: ՍԴ նորընտիր դատավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին վստահության համար եւ պաշտոնն ստանձնել երդմամբ:

Գագիկ Մելիքյանը ներկայացրել է նաեւ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները եւ նշել, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, նրանցից 74-ը քվեարկել են կողմ, դեմ՝ 10-ը: Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ:

Այնուհետեւ Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի ընտրության արդյունքները: Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էին Էդգար Սեդրակյանի, Արգիշտի Ղազարյանի եւ Արծրուն Միրզոյանի թեկնածությունները: Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել 89 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ: Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, 11 կողմ ձայն ստացել է Արգիշտի Ղազարյանը, 9 կողմ` Արծրուն Միրզոյանը: Ընտրվել է Էդգար Սեդրակյանը: Նորընտիր դատավորը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին եւ նշել, որ կփորձի արդյունավետ աշխատանքով արդարացնել ցուցաբերված վստահությունը:

Գագիկ Մելիքյանը հաջորդիվ ներկայացրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները:

Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 10:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը՝ հանձնաժողովի լիարժեք գործունեության ապահովման համար:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 108-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածների համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Այդ նպատակով հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: ԱԺ նախագահը նաեւ պարզաբանել է, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է իրավունքի ուժով, իսկ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: